Տրանսպորտում դիմակ չկրելու համար կազմվել է 16 արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

ՔՏՀԱՏ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով շարունակում է վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։ 

Ապրիլի 2-ին ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժինների տրանսպորտային անվտանգության աշխատակիցները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկել են 93 տրանսպորտային միջոց։ Կազմվել է 16 արձանագրություն, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակներ չկրելուն։

ՏՄ Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի տարածքային բաժինների տրանսպորտային անվտանգության աշխատակիցները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) հետ Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում համատեղ ստուգայցերով վերահսկել են COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը։  

Իրականացված միջոցառման արդյունքում Արմավիր քաղաքում կազմվել է 24 արձանագրություն, որից 18-ը` իրազեկման թերթիկի բացակայության, 3-ական՝ գերծանրաբեռնված երթևեկության և վարորդի ու ուղևորների կողմից դիմակ չկրելու վերաբերյալ։

Վայոց ձորի մարզում դիտարկվել են 8 ներմարզային և 1 միջմարզային երթուղի՝ 9 միկրոավտոբուս, 2 տաքսի։

Մի քանի միկրոավտոբուսներում բացակայել են իրազեկման թերթիկները, ուղևորներն ու վարորդները հիմնականում պահպանել են հակահամաճարակային կանոնները։

Գեղարքունիքի մարզում,  մասնավորապես Գավառի տարածաշրջանում մշտադիտարկումներ և վերահսկողություն են իրականացվել 18 տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Արձանագրվել է 6 իրավախախտում՝ տրանսպորտային փոխադրամիջոցները գերբեռնված են եղել, ուղեսրահներում բացակայել են ախտահանիչ միջոցներն ու իրազեկման թերթիկները։

Տավուշի մարզում տեսուչները շրջայցեր են կատարել Իջևանի և Դիլիջանի ավտոկայաններում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, արձանագրություններ չեն կազմվել։ Հանրային տրանսպորտի վարորդներին իրազեկման թերթիկներ են տրվել։

Տեսչական մարմնի կողմից  հանրային տրանսպորտում վերահսկողությունը կլինի շարունակական։

  --00—ՄՀ