27-ամյա դավթաշենցին «կատալիզատորներ» էր գողացել․ Մարաշի ոստիկանները հայտնաբերել են նրան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Մարտի 21-ին՝ ժամը 22.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ մոտ երկու ժամ առաջ գողացել են Ալեք Մանուկյան փողոցում կայանված «Լեքսուսի» խլացուցիչի օդազտիչը: Մեքենայի այս մասն ավելի հայտնի է կատալիզատոր անվամբ:
Մարտի 22-ի առավոտյան բաժանմունքում ստացվում է նմանատիպ նոր ահազանգ. վերջին երեք օրվա ընթացքում գողացել էին Սայաթ-Նովայի պողոտայում կայանված «Նիսանի» խլացուցիչը:
Մարտի 27-ի առավոտյան երրորդ ահազանգն էր, այս անգամ` ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում: Ահազանգողը հայտնում էր, որ Պարույր Սևակի փողոցի իրենց բակում կայանված «Լեքսուսից» գողացել էին կողային հայելիները և խլացուցիչի օդազտիչը:
Այս ընթացքում իրավապահները, բնականաբար, ձեռքերը ծալած չէին նստել: Գիշերային շրջայցերի ընթացքում հատուկ ուշադրություն էր դարձվում տարածքում կայանված մեքենաներին, ուսումնասիրվում էին տարածքը հսկող տեսախցիկների տեսագրությունները, և, իհարկե, իրականացվում էր օպերատիվ աշխատանք:
Եվ ահա, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է նույն անձը` Դավիթաշենի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Ապրիլի 1-ին նա հայտնաբերվեց Արմավիրի մարզի Արևշատ գյուղում ու բերման ենթարկվեց Մարաշի բաժանմունք, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն։
Պարզվեց, որ երիտասարդը հասցրել էր վաճառել գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00—ԼՄ