Իզաբելլա Յայլյանը փոքր մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News 

Յայլայան

Ապրիլի 3-11-ը Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։

Պոկում վարժությունում Յայլյանը հաջող իրացրեց երեք փորձերից երկուսը և վարժությունն վարատեց 90 կգ արդյունքով՝ զբաղեցնելով երկրորդ տեղը և նվաճելով փոքր արծաթե մեդալ։

Հրում վարժությունում հայ մարզուհին առաջին փորձից բարձրացրեց 105 կգ-ոց ծանրաձողը, սակայն հաջորդ երկու մոտեցումների ժամանակ չկարողացավ սանձել 110 կգ-ոց ծանրաձողը և վարժությունն ավարտեց 7-րդ տեղում։

Երկամարտի 195 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրեց 4-րդ տեղը՝ ընդամենը երկու կգ-ով հետ մնալով մրցանակային եռյակը եզրափակած բելգուհի Նինա Ստերքսից։ Իսկ չեմպիոն դարձավ Ուկրաինան ներկայացնող Կամիլա Կոնոտոպը երկամարտի 208 կգ արդյունքով։

Երկու տարի առաջ Եվրոպայի առաջնությունում Յայլյանը նույնպես փոքր արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ երկամարտում բավարարվել էր 5-րդ տեղով։

--00—ՄՀ