Գասպարյանի հայցը վերադարձնելու բողոքներից մեկը կքննի Կ․ Ավետիսյանը, մյուսը՝ Ա․ Առաքելյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

հասարակական

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումները վերադարձնելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոքներից մեկը մակագրվել է դատավոր Կարեն Ավետիսյանին, մյուսը՝ դատավոր Արթուր Առաքելյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Առաջին հայցով դատարանն արձանագրել է, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետեւ կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։

Երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու եւ նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետեւաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ եւ ենթակա չէ կատարման։

Երրորրդ հայցը վերաբերում է իրավահարաբերություններին, մասնավորապես, հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

--0--ԿԿ