Սերժ Սարգսյանը ոչնչացնում է ՀՀԿ-ն

Thumbnail

Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին պարտվելով՝ կանգնած է ընդհանրապես քաղաքական դաշտից անհետանալու սպառնալիքի առջև։ Եվ պատճառը նաև այն չէ, որ ՀՀԿ-ն նույն ընտրություններին մասնակցեց, մեղմ ասած, ոչ այնքան մրցակցային ցուցակով, այլ նաև հենց այն, որ կուսակցությունը շարունակում է ղեկավարել Սերժ Սարգսյանը։ Որքան էլ այս կուսակցությունը փորձի մանևրել քաղաքական դաշտում, միևնույն է, մի բան հստակ է՝ Սերժ Սարգսյանը մնում է այս կուսակցության ղեկավարը, ուստի և այն ենթակա է ամենաուժեղ քննադատության իր քաղաքական հակառակորդների՝ մանավանդ Փաշինյանի կողմնակիցների կողմից, ովքեր ի դեմս այս կուսակցության դիտարկելու են ռևանշիստական փորձի կրկնություններ։ Ի դեպ, նախկին նախագահն ուներ և մինչև այսօր էլ պահպանում է ընտրության երկու ճանապարհ՝ ՀՀԿ-ն վերջնականապես չքայքայելու և քաղաքական գործունեության հնարավորություն թողնելու համար։ Առաջին տարբերակն իր դեմքով, այլ ոչ թե միջնորդավորված կուսակցությունը ղեկավարելու հնարավորությունն է։ Այս դեպքում իր առանցքի շուրջ կարող են համախմբվել այն անձինք կամ ներկուսակցական խմբերը, ում համար Սարգսյանը շարունակում է մնալ իբրև հեղինակություն։ Սակայն հաշվի առնելով վերջինիս սովորություններն ու կառավարման առանձնահատկությունները` նա շատ դժվար է ինքն իրեն դնում հարվածի տակ, և, որպես կանոն, ստեղծում անվտանգության բարձիկներ, որոնք իրենց վրա են վերցնում քննադատության ամբողջական բեռը։ Եթե իշխանության եկած տարիներին այդ բարձիկներ էին համարվում առանցքային պետական պաշտոնյաները, որոնք հարված էին ստանում ոչ միայն նույն ընդդիմություննից, այլ նաև հենց Սարգսյանի քարոզչական թիմի կողմից ղեկավարվող մամուլից ու ֆեյսբուքյան կեղծ օգտարերերից և շատ դեպքերում նրանց ամրագրում <<բարձիկների հետ>> ոչ մի կապ չունեցող աղմակահարույց պատմություններ, ապա նույն ընտրություններին այդ կերպարը դարձավ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով կամա թե ակամա դարձավ դեպի Սերժ Սարգսյան ուղղված քննադատությունների անմիջական թիրախը։ 
Երկրորդ հնարավոր ու առավել ազնիվ տարբերակը Սերժ Սարգսյանի հեռացումն է ՀՀԿ ղեկավարի պաշտոնից։ Այս պարագայում Հանրապետականը դեռ տեսական հնարավորություն կպահպանի վերաձևակերպվելու ու դիրքավորվելու համար, որպեսզի կարողանա պահպանել քաղաքական գոյությունն ու խորհրդարանից դուրս որոշոակի գործունեություն ծավալի։ Այստեղ, սակայն մի հարց կա, որի պատասխանն այս պահին ոչ ոք չի տալիս։ Իսկ նույն Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի մեջ մտնու՞մ է ՀՀԿ-Ի պահպանումն ու կենսունակությունը որպես միավոր։ Եթե ոչ, իսկ խորհրդարանական ընտրությունների նրանց ցանկի որոշ ներկայացուցիչների առկայությունը հենց հաստատում է կուսակցության ապագայի հետ կապված Սարգսյանի ոչ այնքան հստակ ծրագրերը։ Ստացվում է, որ տեսականորեն կա ՀՀԿ-ն ոչնչացնելու ծրագիր, որին կարող է քաղաքական դաշտում փոխարինել նույն սարգսյանական թիմի կողմից ստեղծված այլ հնարավոր պրոյեկտ։ Այստեղ հենց ՀՀԿ-ն կարող է այդ ծրագրերին խանգարել։ 

Սուրեն Կամսարական