Սուտ և զրպարտություն․ Վլադիմիր Գասպարյանը հերքում է ՔԿ հաղորդագրությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News                               

Thumbnail

Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները, որոնք նաև տարածվեցին լրատվամիջոցների կողմից, ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։                                                                

«Վստահ եմ, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում մեղավորը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար»,- նշել է Աթանեսյանը։

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝  բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերել, որ Ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության նախկին պետն, իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ՀՀ ԱԺ ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Պայմանավորվածության համաձայն՝ խմբային շահերից ելնելով, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը նշված ընկերության նախկին սեփականատիրոջը ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին՝ միասին աշխատելու համար։

Բացի այդ, հրահանգել է իր ենթակայության տակ գտնվող ոստիկանության աշխատակիցներին աջակցել և չխոչընդոտել նրա ծավալած ձեռնարկատիրական գործունեությանը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում, իսկ մյուս կողմից՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների երթուղի դուրս գալու համար:

Նկատի ունենալով, որ քրեական գործով պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են իրավապահ համակարգը ներկայացնող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը և ծառայողական պարտականությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ՝ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։