Ս. Պապիկյանը մտահոգություն է հայտնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տեմպերից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարի պաշտոնակատարը մտահոգություն է հայտնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տեմպերից ու ցուցանիշներից և մարզպետներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ՝ ոլորտում առկա պատկերը շտկելու և բարելավման արդյունքներ ապահովելու նպատակով։

Խորհրդակցությանը քննարկվել է նաև համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի  ընթացքը, որի արդյունքներով 2018 թվականին ՀՀ մարզպետարաններից  ստացվել է շուրջ 230 հայտ, հավանության է արժանացել 180-ը, որից 114 ծրագիր՝ շուրջ 1մլրդ  621մլն  ՀՀ դրամի չափով, արդեն ֆինանսավորվել է, իսկ մինչև տարվա ավարտը նախատեսվում է ևս 360 մլն  ՀՀ դրամի ֆինանսավորում։ Նախարարի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ընտրված հստակ չափորոշիչները հնարավորություն կտան այս գործընթացն ավելի սահուն և արդյունավետ կազմակերպել։

Անդրադառնալով համայնքների կողմից աղբահանության կազմակերպման գործընթացին՝ Սուրեն Պապիկյանը կոչ է արել մարզպետներին ակտիվացնել աղբահանության համար նախատեսված գումարների հավաքագրման աշխատանքները։ Նախարարի պաշտոնակատարը նաև կարևորել է  այս ոլորտում համայնքների կողմից իրականացվող աշխատանքների ինքնածախսածածկման անհրաժեշտությունը և ընդգծել, որ աղբահանության պատշաճ կազմակերպման ու մաքուր միջավայրի ձևավորման գերկարևոր խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր համայնքապետի ամենօրյա աշխատանքը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, մարզերում ներդրումային համաժողովներ կազմակերպելուն, միջպետական և միջհամայնքային ճամփեզրերին հասարակական զուգարանների սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված հարցեր, որոնց ապահովման վերաբերյալ նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։