Ուրվագծվում են խորհրդարանական հանձնաժողովների նախագահները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News                               

Thumbnail

Քաղաքական դաշտում ակտիվորեն ընթանում են քննարկումներ՝ առաջիկա կառավարության և խորհրդարանի դերաբաշխումների հետ կապված։

Եթե խորհրդարանի նախագահի և տեղակալների հարցում արդեն հստակություն կա առ այն, որ Ազգային ժողովը ղեկավարելու է Արարատ Միրզոյանը, իսկ փոխնախագահներն են Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, ապա մշտական հանձնաժողովների նախագահների հարցում դեռ չկա վերջնական կողմնորոշում։

Այդուամենայնիվ, ըստ 24News-ի, արդեն հստակ է, որ Պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության մշտական հանձնաժողովը ղեկավարելու է պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։ Հարցը դեռևս հստակ չէ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մասով։

Ըստ նույն աղբյուրների՝ քննարկվում է երկու թեկնածություն։ Առաջին թեկնածուն Հովհաննես Իգիթյանն է, ով 90-ականներին արդեն իսկ զբաղեցրել է այդ պաշտոնը, և Ռուբեն Ռուբինյանը՝ գործող փոխարտգործնախարարը։ Եթե, այդուամենայնիվ, որոշվի, որ Ռուբինյանն է ղեկավարելու այդ հանձնաժողովը, ապա Իգիթյանին, ըստ ամենայնի, կվստահվի Եվրաինտեգրման հանձնաժողովը, որի այսօրվա ղեկավար ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին «Իմ քայլ»-ում մտադիր չեն տեսնել իբրև այդ հանձնաժողովի ղեկավար։

Ինչպես նախկինում նշել էինք, Արարատ Միրզոյանի՝ ԱԺ գնալուց հետո կրճատվում է առաջին փոխվարչապետի հաստիքն ընդհանրապես։ Հաստատ որոշում կա նաև սփյուռքի, սպորտի և մշակույթի նախարարությունների հետ կապված։ Առաջինը դառնում է ԱԳՆ-ին կից կոմիտե, իսկ վերջին երկուսը մտնում են կրթության և գիտության նախարարության կազմ։ Գերատեսչությունը շարունակելու է ղեկավարել Արայիկ Հարությունյանը։