ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի պարեկային ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Վրաստան այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը եղել է պարեկային ոստիկանությունում: Այս մասին հայտնում են ոստիկանսւթյան լրատվական ծառայությունից։

Ծառայության պատասխանատուները, ողջունելով հայկական պատվիրակության անդամներին, շնորհակալություն են հայտնել իրենց ծառայության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության համար և ներկայացրել ստորաբաժանման կառուցվածքն ու խնդիրները: Պարեկային ոստիկանությունը Վրաստանում գործում է 2004 թվականից, այն հասարակական կարգի ապահովման թիվ մեկ պատասխանատուն է:

Պարեկային ոստիկանության ծառայողները նաև կանխում, նախականխում և բացահայտում են հանցագործություններ: Այն Վրաստանում ընդունված է ոչ թե որպես պատժիչ, այլ ծառայություն մատուցող ստորաբաժանում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու պատվիրակության անդամները շրջել են պարեկային ոստիկանության շենքում, ծանոթացել պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, պարեկային ծառայության մեքենաներին և այլն:

Քանի որ Երևանում ևս շուտով կազմավորվելու է շուրջօրյա շարժական պարեկային ծառայություն, հայկական պատվիրակության անդամները հետաքրքրվել են ծառայության դրական ու բացասական կողմերի, տեխնիկական և այլ խնդիրների մասին: