ԱՄՆ-ը հավելյալ 1 մլն դոլար է տրամադրում ՀՀ-ում COVID-19-ի դեմ պատվաստմանն աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

1

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,000,000 է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։

Այսպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան $11 միլիոն։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և
երրորդային ազդեցությունները մեղմացնելու համար:

ԱՄՆ ՄԶԳ-ն այս ֆինանսական միջոցները հատկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19 պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար՝ ըստ Պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների ազգային ծրագրի:

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է. «Համաճարակի ողջ ընթացքում ԱՄՆ-ն գործակցել է Հայաստանի հետ՝ COVID-19-ի դեմ պայքարում: Այս նոր օժանդակության միջոցով մենք կշարունակենք աշխատել միասին`հաղթահարելու COVID-19-ը և նախապատրաստվելու հանրային առողջության հետագա սպառնալիքներին»:

Համավարակի բռնկումից մինչ օրս Միացյալ Նահանգները սերտորեն գործակցում է Հայաստանի հետ՝ հանրային առողջության պահպանման և COVID-19-ի դեմ արձագանքն ուժեղացնելու ուղղությամբ: Այս համագործակցությունը ներառում է լաբորատոր կարողությունների ամրապնդման և ծանր դեպքերի կառավարման ֆինանսավորում, հիմնական սարքավորումների ապահովում, աջակցություն խոցելի տնային տնտեսություններին և երեխաներին, Հայաստանի կառավարության ճգնաժամային հաղորդակցության
խթանում, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքի ուժեղացում, ինչպես նաև դիմակայունության խթանում փոքր բիզնեսին, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին՝ դրամաշնորհների տրամադրման միջոցով:

ԱՄՆ-ը շարունակում է գլոբալ առաջնորդություն ցուցաբերել միջազգային առողջապահության և COVID- 19 համավարակի դեմ պայքարում հումանիտար աջակցություն ցուցաբերելու գործում։ Այս ամենի հիմքում ընկած է 2001 թվականից ԱՄՆ Կառավարության ավելի քան $140 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակությունը գլոբալ առողջապահական ծրագրերին և տեղական առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը:

--00—ԼՄ