Թուրք նախարար. «ԱՄՆ-ն սպառնում է մեզ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Պակիստանում գտնվող Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման  Սոյլուն հանդիպել է տեղի թուրքական հասարակական կազմակերպությունների ներկացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ թուրք նախարարը խոսել է ԱՄՆ-ի հնչեցրած քննադատությունների մասին, որոնք վերաբերում են քրդերի դեմ թուրքական զինուժի հնարավոր ռազմական գործողությանը Սիրիայում: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Սոյլուի խոսքերով՝ ԱՄՆ-ն նախկինում մի շարք սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին, Սիրիայում իրականացված «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիաների ժամանակ։  Բայցևայնպես Թուրքիան արեց այն, ինչ պետք է աներ։

Թուրք նախարարը պնդել է, որ նման սպառնալիքներ են նկատվում նաև Թուրքիայի կողմից Սիրիայում սպասվող նոր ռազմական գործողությունից առաջ, որն ընթանալու է տեղի քրդական ուժերի դեմ Եփրատ գետի արևելյան հատվածում։

«Վաշինգտոնում կարծում են, թե կարող են հարված հասցնել Թուրքիային ահաբեկիչների ձեռքով, որոնք սնվում են ամերիկացիների կողմից։ ԱՄՆ-ն փորձում էր միջազգային բլոկադայի ենթարկել Թուրքիային, սական Անկարան կարողացավ հաղթահարել այդ ամենը»,- շեշտել է Սոյլուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմագործողություն իրականացնել Սիրիայի քուրդ զինյալների դեմ, որոնց ահաբեկիչներ է համարում։ Դրան ի պատասխան՝ Պենտագոնի հայտարարության մեջ ասվել էր, որ ամերիկյան կողմն անընդունելի է համարում Սիրիայի հյուսիսում չհամաձայնեցված որևէ ռազմական գործողություն սկսելը: Դրանից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում նորից լարվածությունէ  նկատվում: