ՀՀ փոխվարչապետը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ԵԱՏՄ-ում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին:

Շնորհավորելով Բոլատ Իմանբաևին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է հաջողություններ նրան այս պատասխանատու պաշտոնում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կշարունակի նախորդ դեսպանի գործը և իր ներդրումը կունենա հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին է փոխանցել Ղազախստանի գործընկերների ջերմ ողջույնները: Հանդիպման ընթացքում Բոլատ Իմանբաևն ընդգծել է, որ երկու երկրների բարեկամությունը հիմնված է պատմական և մշակութային կապերի, ինչպես նաև մարդկանց միջև ձևավորված ջերմ շփումների վրա:

Շփումների ակտիվացման համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին «Ճամփորդիր առանց Քովիդ-19-ի» ծրագրի կարևորությունը և ընդգծել ապագայում Ղազախստանի կողմից ծրագրին միանալու նպատակահարմարությունը:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարին:

Երկուստեք բարձր են գնահատվել ստեղծված կառուցողական հարաբերությունները, և այդ համատեքստում կարևորվել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

Անդրադարձ է կատարվել նաև կրթական, գիտական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: 

--00—ՄՀ