ԱՄՀ տվյալներով՝ համաշխարհային տնտեսությունն ավելի ամուր հիմքերի վրա է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

տնտեսություն

Համավարակի տարածումից մեկ տարի անց համաշխարհային հեռանկարները խիստ անորոշ են մնում: Այսպես է իր վերլուծությունը սկսում Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցը: Վիրուսի նոր տարատեսակները և զոհերի աճող թվերը մեծ մտահոգության առիթ են հանդիսանում, չնայած պատվաստանյութերի հետ կապված հույսերին, ասված վերլուծության մեջ: Տնտեսական պատկերն աշխարհում կապված չէ միայն վիրուսի դեմ պայքարի արդյունավետությունից եւ պատվաստանյութերից: Այն մեծապես խախված է իրականացվող տնտեսական քաղաքականությունից երկիր առ երկիր:  Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

2021 և 2022 թվականների համար կանխատեսումներն այսօր ավելի բարձր են, քան տնտեսագետները կանխատեսում էին 2020-ի հոկտեմբերին: Հիմա, ասում են նրանք, համավարակի տարածման արագության եւ պատվաստանյութերի արդյունավետության հարցում անորոշությունները տարածվում են նաեւ համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումների վրա:

Դեռեւս շատ աշխատանք կա անելու, որպեսզի հաղթահարվի համավարակը եւ որ աշխարհը խուսափի տարբեր երկրների միջեւ անհավասարության խորացումից ու մեկ շնչի հաշվով եկամտի ծավալների աճող տարբերությունից:

Զեկույցն անդրադառնում է նաեւ համավարակից հետո ոչ հեռու ժամանակաշրջանի տնտեսական հնարավոր վնասներին:

Չնայած սպասվում է, որ միջնաժամկետ կորուստները ավելի ցածր կլինեն, քան համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո էր գրանցվել, դրանք այնուամենայնիվ նկատելի են: Կորուստը 3 տոկոսով ցածր է, քան 2024 թվականին աշխարհում կանխատեսվող արտադրանքի ծավալները: Նոր ի հայտ եկող շուկաները եւ նոր զարգացող երկրները, ըստ զեկույցի, կտուժեն ավելի, քան զարգացած տնտեսություններ ունեցող երկրները:

Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցն անդրադառնում է կովիդ 19 հիվանդության տարածուից հետո աշխատանքային շուկայում տիրող իրավիճակին նաեւ: Այստեղ հիմնականում տուժել են ավելի երիտասարդ ու ավելի քիչ փորձ ունեցող աշխատավորները: Չափազանց կարեւոր է տեղերում տնտեսական անկման երկրարաժամկետ ազդեցությունը կրճատելու ուղղությամբ իրականացվող տնտեսական քաղաքականությունը: Այսօր, երբ համավարակը սկսում է հետ քաշվել եւ նկատվում են տնտեսության վերականգնման նշաններ, հարկավոր է իրականացնել աշխատատեղերի փոփոխության ու վերափոխման քաղաքականություն, ասված է զեկույցում:

Համաճարակի սկզբում զարգացած տնտեսությունների կողմից դրամավարկային քաղաքականության մեղմացումը, այսինքն տոկոսադրույքների իջեցումը ֆինանսապես մեծապես նպաստեց նոր զարգացող շուկաներին: ԱՄՀ-ի վերլուծաբանները եկել են այն եզրահանգման, որ չնայած ԱՄՆ-ում դաշնային ֆոնդերի տոկոսադրույքի բարձրացումը կործանարար ազդեցություն չգործեց նոր հայտնվող շուկայական տնտեսությունների վրա, տոկոսադրույքների անակնկալ բարձրացումը կարող է դառնալ նոր շուկաներից կապիտալի արտահոսքի պատճառ: Այդ պատճառով կարեւոր է, որ զարգացած տնտեսություններ ունեցող երկրները բացատրեն, թե ինչպես են պատրաստվում իրականացնել ֆինանսական իրենց քաղաքականությունը տնտեսության վերականգնման այս ժամանակաշրջանում:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծության, նոր հայտնվող շուկայական տնտեսությունները կարող են նվազեցնել իրենց խոցելիությունը` բացասական ֆինանսական հեղեղումների նկատմամբ ընդունելով ավելի թափանցիկ և կանոնների վրա հիմնված դրամավարկային և ֆինանսական քաղաքականություն:

--00—ՄՀ