Ինչ է իրականում կատարվում Արցախի Կարմիր Շուկա գյուղում․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Մետաքսե

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում, կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել իրենց, իբր պատրաստվում են ինչ-որ գործարքներ իրականացնել՝ ինչ-որ նպատակներով:

«Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր շուկան ավելի քան 15 օր վտանգված էր, եւ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր շուկան: Մենք Կարմիր շուկայում 150 տուն ենք կառուցում, եւ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ Կարմիր շուկան պատրաստվում ենք հանձնել», - ասել էր Հարությունյանը:

Իսկ թե իրականում ինչ է կատարվում Կարմիր շուկայում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱՀ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից:

«Վերջերս ենք եղել Կարմիր Շուկայում, երբ մոտենում էինք, ադրբեջանական բեռնատարների մեծ շարասյուն նկատեցինք, որոնք, փաստորեն, նույն ճանապարհով էին անցնում, ինչ մենք: Պատկերացնո՞ւմ եք՝ Շոշ գյուղի հենց մեջտեղով է անցնում ճանապարհը, իսկ մի կողմում դպրոցն է: Այսինքն՝ այդ մեքենաներն անցնելու էին հենց անմիջապես դպրոցի կողքով, և երեխաները պատուհաններից ամեն օր տեսնում են այդ պատկերը:

Այդ ճանապարհը միասին օգտագործում են, այսինքն՝ երեխաներն անցնում են նույն ճանապարհը, որով անցնում են թշնամու մեքենաների շարասյունը: Իհարկե, այդ շարասյանն ուղեկցում էին ռուս խաղաղապահները: Իսկ Կարմիր Շուկայում հենց գյուղի միջով էլի անցնում է ճանապարհ։ Երբ այնտեղ էինք, այդ օրը արևոտ եղանակ էր, և տղամարդիկ, կանայք, երեխաները, բոլորը դրսում էին, իսկ այդ մեքենաներն անցնում են...

Երբ խոսում էինք գյուղացիների հետ, ասացին, որ անցնելիս ծիծաղում են մեքենաների միջից և անընդհատ նկարում են: Գիտեք, սա ոչ թե տհաճ, այլ անհասկանալի երևույթ է քաղաքացու համար, բայց երբ վերլուծում ես, հասկանում ես, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները, պարզապես, դեռևս տարիներ առաջ էր ասել այն, ինչ տեղի ունեցավ: Հանրությունը լուրջ չէր վերաբերվում, որ ասում էին պետք է ադրբեջանցիների հետ ապրել, պետք է և տնտեսական հարաբերություններ ունենալ նրանց հետ, ինչպես մնացած բոլոր պետությունների հետ: Այսօր, փաստորեն, սա իրականանում է Արցախում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ