Ռազմագերիների հարազատները փակել են Գյումրի-Երևան մայրուղին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց հարազատներին։ 

Ապրիլի 8-ին երեկոյան վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր լրատվամիջոցներին, որ սպասվում է գերիների հերթական խմբի վերադարձը Բաքվից։ Այդ տեղեկությունից հետո գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանի մոտ, սակայն ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որը, ըստ լուրերի, պետք է տեղափոխեր մեր հայրենակիցներին, վայրէջք կատարեց օդանավակայանում առանց գերիների։

Նշենք, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 69 գերի, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից 8-ը։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի։ Ադրբեջանը պնդում է, թե Խծաբերդում գերեվարվածները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ և դիվերսանտներ:

--00—ԼՄ