Գեղարքունիքում շաբաթօրյակ է եղել․ մասնակցել է 8476 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 10,  24News 

շաբաթօրյակ

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզպետի և մարզի խորհրդի անդամների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզում իրականացվեցին աղբահեռացման, սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման և աղբաթաղման աշխատանքներ:

Չնայած եղանակային ոչ բավարար պայմաններին՝ դրանք տեղի ունեցան մարզի բոլոր քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներհամայնքային, մարզային, հանրապետարական և միջպետական նշանակության ավտոճանապարհներին:

Գեղարքունիքի մարզպետի համապատասխան հանձնարարությամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համակարգելու և արդյունավետ իրականացնելու համար Գեղարքունիքի մարզպետարանից մարզի հինգ տարածաշրջաններում նշանակվել էին պատասխանատուներ, իսկ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներն ու մնացած աշխատակիցներն ամրակցվել էին մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում՝ սանիտարական աշխատանքների ընթացքը վերահսկելու և անհրաժեշտ օժանդակություն տրամադրելու նպատակով:

Մարզային շաբաթօրյակի աշխատանքների ընթացքը մարզի ողջ տարածքում դիտարկեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը:

Շաբաթօրյակի աշխատանքները համակարգող Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի տեղեկացմամբ՝ շաբաթօրյակի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել աղբաթաղման, մայրուղիների և համայնքների տարածքներով հոսող գետերի և ջրահավաք ավազանների հարակից տարածքներում իրականացվող աշխատանքներին:

Սանիտարական մաքրման աշխատանքներին ներգրավված էին բոլոր համայնքապետարանների և համայնքային ենթակայության կազմակերպությունների, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, «Սևան» Ազգային պարկի, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, տնտեսվարող սուբյեկտներ, անհատ քաղաքացիներ:

Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում էր շուրջ 417 կազմակերպություն, 8476 մարդ, օգտագործվում էր 154 միավոր տեխնիկա:

«Բնական է, որ մեկ օրվա ընթացքում կամ մեկանգամյա շաբաթօրյակով շրջակա միջավայրի մաքրության պահպանման խնդիրը չի լուծվելու, մանավանդ երբ տեւական ու ուժեղ քամիներով ընթացող ձմռան ամիսներին նկատվել է մեծ ծավալի աղտոտվածություն մարզի առանձին հատվածներում, որոնց հարեւանությամբ գտնվում են աղբավայրերը։ Դրա համար որոշել ենք շաբաթօրյակները դարձնել հաճախակի, միաժամանակ նաեւ ամենօրյա հետեւողական աշխատանք տանել բոլոր այն վայրերում ու գոտիներում, որտեղ առկա են աղտոտվածության դրսեւորումներ։ Առանձնակի ուշադրություն պետք է դարձնենք նաեւ աղբավայրերի ճիշտ ու արդյունավետ շահագործմանը, որպեսզի նվազագույնի հասցնենք աղտոտվածության ծավալները»,-ներկայացրեց մարզպետ Գնել Սանոսյանը։

Գեղաքունիքի մարզում սանիտարական մաքրման աշխատանքներին կհաջորդի ծառատունկը, որը կկազմակերպվի ապրիլի երրորդ տասնօրյակի ընթացքում:

--00—ՄՀ