Ապրիլի 9-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Սարուշեն համայնքի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

հասարակական

Երկու օր առաջ՝ ապրիլի 9-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Սարուշեն համայնքի ուղղությամբ։ Լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

«Սարուշենը Շոշ գյուղից հետո է, այդտեղով է անցնում Շուշի տանող ճանապարհը», - ասաց Հակոբյանը։

Պատգամավորը հավելեց, որ հակառակորդը, ըստ երևույթին, ցանկանում է վախ կամ խուճապ տարածել  գյուղի բնակիչների շրջանում։  Հակոբյանի խոսքով՝ Սարուշենի համայնքապետն անվախ, քաջ երիտասարդ է, ինչը, փաստացի, ադրբեջանցիներին դուր չի գալիս։

«Շնորհիվ գյուղապետի՝ ոչ միայն պատերազմի ժամանակ Սարուշենը լքածներն են վերադարձել, այլ նաև այլ համայնքներից են Սարուշենում վերաբնակեցվել, ինչն էլ ակնհայտորեն ադրբեջանցիներին դուր չի գալիս», - ընդգծեց մեր զրուցակիցը։

--0--ԿԿ