Արթուր Թովմասյանը իր երախտագիտությունն է հայտնել ԵԽ նախկին պատգամավոր Էլենի Թեոխարիուսին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Թովմասյան

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր խորին երախտագիտությունն է հայտնել «Համերաշխության շարժում» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարիուսին: 

«Խորապես շնորհակալ ենք տիկին Էլենի Թեոխարիուսին, Ստրովոլոսի քաղաքապետ պարոն Անդրեաս Պապախարալամպուսին և Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Կիպրոսում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված պուրակի բացման առիթով:

Արցախի խորհրդարանը երախտապարտ է Կիպրոսի և կիպրահայ հասարակությանը՝ արցախահությանը մշտապես աջակցելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Անուրանալի է հատկապես տիկին Թեոխարիուսի անձնական ջանքերն ու հետևողական գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու մեր ժողովրդի արդար պահանջները եվրոպական ատյաններում ներկայացնելու և պաշտպանելու գործում:

Էլենի Թեոխարիուսը Արցախի ժողովրդի կողքին էր դեռևս Արցախյան առաջին պատերազմի օրերին, երբ իր մասնագիտական ու անմիջական աջակցությունն էր ցուցաբերում ազատամարտում վիրավորված մարտիկներին:

Խորապես շնորհակալ ենք Ստրովոլոսի քաղաքապետ պարոն Անդրեաս Պապախարալամպուսին՝ Էլենի Թեոխարիուսի նախաձեռնությանը նպաստելու և հայ-կիպրական հարաբերությունների զարգացմանն օժանդակելու հարցում:

Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում հայկական սփյուռքի, մասնավորապես՝ կիպրահայության ունեցած ավանդը հայապահպանության գործում, երախտապարտ ենք արցախահայությանը մատուցած ծառայությունների համար:

Համոզված ենք, որ հայ-կիպրական, Արցախ-Կիպրոս համագործակցության շրջանակները հընթացս ավելի կամրապնդվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

--00—ՄՀ