Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ․ վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արշակ Կարապետյանը իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ։

«Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին»,-նշվում է հայտարարությունում:

Ստորագրված հայտարարությունը՝ այստեղ։

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանն օրերս էր ազատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից։ Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2018-ի հեղափոխությունից հետո։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա եղել է Զինված ուժերի հետախուզության վարչության պետը։ 2016-ին Կարապետյանը պաշտոնանկ էր արվել Սերժ Սարգսյանի կողմից, քանի որ շատերը հենց նրան էին պատասխանատու համարում ապրիլյան պատերազմի զոհերի ու տարածքային կորուստների համար՝ հաշվի առնելով, որ այդ օրերին նա էր ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետը։

--00—ԼՄ