106 տարեկանում կյանքից հեռացել է ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Օվսաննա

Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը, որը բնակվում էր Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Օվսաննա Միրխանյանը 106 տարեկան էր:

«Նա բարդ վիրահատություններ էր տարել: Բացի այդ, բակում ընկնելու պատճառով չէր կարողանում անկողնուց վեր կենալ: Մենք 5 երեխա ենք: Մայրս 2 դուստր է ունեցել Սիրիայում. մահացել են»,- ասել է Սարգիս Միրախանյանը:

Արմավիրի մարզպետի մամուլի խոսնակ Հերմինե Վարդանյանի խոսքով՝ Օվսաննա Միրխանյանը վերջինն էր ցեղասպանությունը վերապրածներից, որը բնակվում էր Արմավիրի մարզում:

«Վերջին 1-2 տարվա ընթացքում Արմավիրի մարզի բնակավայրերում ցեղասպանությունից ողջ մնացած 4 բնակիչ ունեինք: Նախորդ տարվա տվյալներով՝ մարզում բնակվում էին ցեղասպանությունը վերապրած ու ողջ մնացած 2 հոգի, որոնցից մեկը՝ Օվսաննա Միրխանյանն էր: Ավելի վաղ՝ այս տարի, մահացել էր նաև Վարդանաշեն գյուղում բնակվող մյուս տատիկը՝ Եպրաքսի Գևորգյանը, որը նույնպես ցեղասպանությունը վերապրածներից էր»,-մանրամասնել է Վարդանյանը:

--00--ԱԹ