Բաներ կային՝ մենք էլ չգիտեինք, այսօր Փաշինյանը բացեց որոշ փակագծեր, մարդիկ պետք է իմանան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը դրական է գնահատում խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:

Հիշեցնենք, որ վարչապետն այսօր, թեև Ազգային ժողով էր եկել ներկայացնելու կառավարության կատարողականը, բայց մեծամասամբ խոսեց 44-օրյա պատերազմից, պարտությունից, մեղավորներից, նախկիններից, բարձրաստիճան զինվորականների հայտարարություններից ու հարակից այլ թեմաներից:

24News-ի հետ զրույցում Լուսինե Բադալյանը նշեց, որ հասարակությունը շատ հարցեր ունի, որոնց մի մասին այսօր անդրադարձավ Փաշինյանը: Նրա խոսքով՝ բաներ կային, որ իրենք՝ պատգմավորներն էլ չգիտեին: «Փաշինյանն այսօր բացեց որոշ փակագծեր, որոնք մարդկանց հետաքրքիր են, ու նրանք պետք է իմանան այդ մասին»,- հավելեց Բադալյանը:

Անդրադառնալով թուրքերի ու ադրբեջանցիների հետ թշնամանքը վերացնելու ու բարեկամություն անելու թեմային՝ պատգամավորը նկատեց՝ թշնամանք դադարեցնելն ու բարեկամություն անելը տարբեր բաներ են, վերջինիս մասին ոչ ոք չի խոսել: «Չի գտնվի արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ, որ թուրքի հետ բարեկամություն անելու մասին խոսի: Հարցն այն է՝ թշնամանքը շարունակելու պատրա՞ստ ենք, թե՞ գտնենք այն դադարեցնելու տարբերակ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ