Եթե Թուրքիան ցանկանում է լինել ժամանակակից աշխարհի մաս` պետք է համակերպվի իր անցյալի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին:

Եկել է ժամանակը, որ ԱՄՆ վարչակազմը ոչ միայն հիշատակի ապրիլի 24-ը, այլ նաև օգտագործի ցեղասպանություն եզրը, Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան կոնգրեսական, հայկական հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանը: Նա հուսադրող հիմքեր է նկատում այս ապրիլին Հայոց զոհերի հիշատակի օրվան նվիրված Սպիտակ տան ավանդական հայտարարության տեքստում «ցեղասպանություն» եզրը օգտագործելու հարցում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր պաշտոնում նշանակվելու ժամանակ հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ Կոնգրեսի հետ այս հարցի շուրջ:

Կոնգրեսականը կոչ է անում մշտապես վառ պահել «20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշատակը» ՝ շեշտելով՝ ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին գործողությունն է:

«Նախ բնաջնջվում է ժողովուրդը, ապա փորձ է արվում ոչնչացնել դրա մասին հիշողությունը: Դա նոր ցեղասպանության առաջին քայլն է, որով ի ցույց է դրվում համայն աշխարհի այլ ղեկավարներին, որ նրանք կարող են խուսափել պատասխանատվությունից»,- ասում է Շերմանը:

Երկար տարիներ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքար մղած կոնգրեսականը հիշեցնում է, որ դեռևս 2019 թ-ին Կոնգրեսի երկու պալատները ընդունեցին ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: Այս զարգացումները մեծ չափով կապված էին ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների փոփոխության հետ:

«Ես կարծում եմ, որ գործադիր իշխանության կողմից ճանաչումը կհանգեցնի արձագանքի Անկարայի կողմից, սակայն չեմ տեսնում, որ այն իրականում ինչ-որ լուրջ ազդեցություն ունենա»,- կարծում է Շերմանը:

Թուրքիայի կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչումը ամերիկացի օրենսդիրը որակում է ոչ թե հետընթաց, այլ անհրաժեշտ առաջադիմական քայլ սեփական պատմությունը ճանաչելու համար: Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ պնդելով, որ հայերի տեղահանությունն ու սպանություները պատերազմի ու քաոսի հետևանք են:

«Եթե Թուրքիան ցանկանում է լինել ժամանակակից աշխարհի մաս, ապա պետք է համակերպվի իր անցյալի հետ»,- պնդում է Շերմանը:

Խոսելով ԼՂ վերջին պատերազմի ու այստեղ Թուրքիայի դերակատարության մասին՝ կոնգրեսականն ընդգծում է՝ պատերազմի արդյուքներն ու զինադադարը չեն կարող համարվել մշտական: Անհրաժեշտ է աշխուժացնել Մինսկի խմբի ձևաչափը՝ դեպի խաղաղություն շարժվելու համար: Նա բացասական գնահատական է տալիս Թուրքիայի ներգրավվածությանը այս հակամարտությունում:

«Թուրքիայի ներգրավումը Հարավային Կովկասում օգտակար չէ: Այն օգտակար չէր 1915 թ-ի ապրիլի 24-ին և օգտակար չէ այսօր»,- ասում է նա:

Շերմանը կարևորում է հրադադարի հաստատումը Լեռնային Ղարաբաղում: Անհրաժեշտ է աշխատել՝ ձգտելով դեպի ուժեղ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, ասում է նա՝ ընդգծելով, որ հնարավոր է դրան հասնել անձնական կամ այլ ջանքերի ու հանրային աշխատանքի շնորհիվ:

--00—ՄՀ