Մատվիենկոն Հայաստանում բաց և ժողովրդավար խորհրդարանական ընտրությունների հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

հասարակական

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ակնկալում է, որ խորհրդարանականները մոտ ժամանակներս կկարողանան վերադառնալ Հայաստանի խորհրդարանի հետ նորմալ փոխգործակցության, ինչը խաթարվել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մատվիենկոն ասել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

«Միջխորհրդարանական երկխոսությունը շարունակվում է: Իհարկե, համավարակն իր շտկումները մտցրեց: Ծրագրվածներից ամեն բան չէ, որ հաջողվեց լիակատար ծավալով կյանքի կոչել: Սակայն կարծում եմ, որ հիմա՝ համավարակի հետ կապված իրավիճակի կայունացմանը զուգահեռ կկարողանանք հետ բերել բաց թողնվածն ու վերադառնալ խորհրդարանների միջև նորմալ, ռիթմիկ փոխգործակցության»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Մատվիենկոն:

Նա նկատել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ակտիվորեն համագործակցել են համավարակի ընթացքում և դրանից դուրս են եկել բավական քիչ կորուստներով՝ ի տարբերություն այլ երկրների: «Հայաստանն առաջիններից էր, որ ստացավ ռուսական պատվաստանյութերը, որոնք արդեն իրենք իրենց երաշխավորել են»,- նշել է Դաշնային խորհրդի նախագահը: Նա հիշեցրել է, որ 60-ից ավելի երկրներ գնել կամ գրանցել են ռուսական պատվաստանյութերը:

Մատվիենկոն կարևորագույն քաղաքական իրադարձություն է որակել առաջիկայում Հայաստանում ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Հուսով ենք, որ չնայած բոլոր դժվարություններին՝ ընտրությունները կլինեն բաց, ժողովրդավարական և թույլ կտան կայունացնել սոցիալական իրադրությունը Հայաստանում»,- ասել է նա:

--0--ԿԿ