Բայդենի վարչակազմը սահմանել է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու նոր վերջնաժամկետ

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 17,  24News 

ԱՄՆ

 

Չորեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանից ամերիկյան բոլոր զորքերի դուրս բերման իր ծրագրի մասին, որը տեղի կունենա մինչև սեպտեմբերի 11-ը: Դեռևս անցած տարի Թրամփի վարչակազմն ու Թալիբանը պայմանավորվել էին դուրս բերել ուժերը մինչև մայիսի 1-ը։ Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

20 տարի անց մոտ տրիլիոն դոլար ծախսելուց ու ավելի քան 2300 ամերիկացու և տասնյակ հազարավոր աֆղանստանցու կյանքերի կորստից հետո ԱՄՆ դուրս է բերում զուրքերն Աֆղանիստանից:

Այս մասին ազդարարած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շեշտում է՝ ‘’մենք պատերազմեցինք մեր առջև ունենալով հստակ նպատակներ և հասանք դրանց: Բեն Լադենը այլևս ողջ չէ, իսկ Ալ-Քաիդան ջախջախված է Իրաքում և Աֆղանստանում: Ժամանակն է վերջ դնել հավերժ պատերազմին’’, ասում է Բայդենը:

Չորեքշաբթի օրը նախագահը հայտարարեց, որ ամերիկյան բոլոր զորքերը՝ շուրջ 2500 զինվորականներ, դուրս կգան Աֆղանստանից մինչև սեպտեմբերի 11-ը: ԱՄՆ-ը Աֆղանստան էր ներխուժել երկու տասնամյակ առաջ Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման հարձակումներից հետո, որոնք ապաստան էին գտել այստեղ:

Թրամփի վարչակազմը նախկինում մայիսի 1-ը սահմանել էր որպես զորքերի դուրսբերման վերջնաժամկետ ՝ պայմանով, որ «Թալիբան» շարժումը, որը վերահսկում է Աֆղանստանը, դադարեցնի իր կապերը ծայրահեղ մահմեդական Ալ-Քաիդայի հետ:

Բայդենը զորքերը դուրս է բերում առանց նախապայմանների՝ պնդելով, որ իմաստ չունի շարունակել պատերազմն այստեղ և ակնկալել ինչ-որ արդյունքներ:

Որոշ հանրապետականներ նշում են, որ թալիբները կվերականգնեն ողջ վերահսկողությունը և վնաս կհասցնեն աֆղանական և ամերիկյան շահերին:

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը քննադատել է նախագահի այդ որոշումը՝ նշելով, որ նախագահ Բայդենը ընտրել է առկա ամենառիսկային տարբերակը, որը միտված է ամեն գնով զորքերի դուրս բերմանը:

ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելուց հետո ՆԱՏՕ-ն չորեքշաբթի օրը հայտարարեց Աֆղանստանից իր 10,000-անոց զորամիավորման դուրսբերման մասին մինչև մայիսի 1-ը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է, որ այս ժամանակահատվածում «Թալիբան» շարժման ցանկացած հարձակում ՆԱՏՕ-ի զորքերի դեմ կհանդիպի ուժգին պատասխանի:

ԱՄՆ-ի նախագահ Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները կշարունակեն նախապատրաստել և վերազինել մոտ 300,000-անոց աֆղանական զորքերին, ինչպես նաև մարդասիրական և դիվանագիտական օժանդակություն կտրամադրեն երկրին: Նախագահ Բայդենն ընդգծել է նաև, որ ԱՄՆ կշարունակի նպաստել Աֆղանստանի կառավարության և Թալիբանի միջև խաղաղ բանակցությունների գործընթացին:

Ի պատասխան Բայդենի՝ մայիսի փոխարեն սեպտեմբերին զորքերը դուրս բերելու որոշմանը, թալիբները հանդես եկան նախազգուշացմամբ, որը մեծացրեց մտավախությունները բռնությունների ծավալման և Աֆղանստանի կառավարության անկման շուրջ:

«Հավանաբար չկա մի տարբերակ, որը էապես նվազեցնի բռնության մակարդակը: Սեղանին հավանաբար դրված չէ նաև որևէ տարբերակ միտված Աֆղանստանի կառուցմանն այն ճանապարհով, ինչպես հավանաբար պատկերացնում էր ԱՄՆ, երբ ներդնում էր պատերազմում ավելի քան տրիլիոն դոլար: Այնպես որ, այո, սա հավանաբար լավագույնն է վատ տարբերակների շարքում»,- ասում է վերլուծաբան Օսթին Ռայթը Չիկագոյի համալսարանից:

Աֆղանստանի Խաղաղության խորհուրդը, որը ստեղծվել է «Թալիբանի» հետ բանակցելու համար, պատրաստվում է հանդիպել Թուրքիայում այս ամսվա վերջին, բայց խաղաղության հեռանկարները մշուշոտ են:

Իր ելույթից հետո Բայդենն այցելել է Արլինգտոնի ազգային գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում իրենց կյանքը կորցրած զինվորների շիրիմներին:

--00—ՄՀ