Գեղարքունիքի մարզում տնկվել է 10 հազար ծառ, հիմնականում՝ բարդի և սոճի

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 17,  24News 

ծառատունկ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի և պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ մեծ ծառատունկի աշխատանքներին: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սեւան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սեւան Ազգային պարկ» -ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքներ:

Սևանում նախարարը խոսեց Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սեւան Ազգային պարկ» -ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարեւորագույն խնդիրների մասին:

Այնուհետև նախարարը մեծ ծառատունկին մասնակցեց «Սեւան Ազգային պարկ» -ի Մարտունու տեղամասում:

Ծառատունկը կատարվեց Մարտունու ռազմական ոստիկանության շենքի հարակից տարածքում, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ աշխատակիցների ուժերով:

Տնկվեց 10 հազար ծառ՝ հիմնականում բարդի եւ սոճի:

Ծառատունկի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը զրուցեց «Սեւան Ազգային պարկ»-ի ղեկավարության եւ աշխատակիցների հետ՝ քննարկելով առաջնահերթ լուծում պահանջող բնապահպանական, ինչպես նաեւ աշխատանքային ընթացիկ խնդիրներ:

Նախարարը խոսեց նաեւ ծառատունկի իրականացման, հետագա պահպանության ու այլ խնդիրների մասին: «Այսօր մենք Գեղարքունիքում ենք Հայաստանում 10 միլիոն ծառատունկ կատարելու ծրագրի շրջանակներում: Ընտրվել է այնպիսի տեղանք, որպեսզի ապահովված լինի նաեւ տնկված ծառերի խնամքն ու պահպանությունը:

Ծառատունկը կընթանա մի քանի փուլերով, եւ կավարտվի այս տարվա ընթացքում:

Նկատելի ծավալի ծառատունկ կիրականացվի նաեւ Գեղարքունիքի մարզում: Այն կներառի ինչպես «Սեւան Ազգային պարկ» -ի տարածքը, այնպես էլ՝ բնակավայրերի ներսի կամ շրջակայքի տարածքները»,-ներկայացրեց Ռոմանոս Պետրոսյանը:

Գեղարքունիքի մարզում ընդհանուր ծառատունկի օր ևս հայտարարված է 2021 թվականի ապրիլի 25-ին, որի ընթացքում նախատեսվում է տնկել մինչեւ 20 հազար ծառ:

--00--ԱԹ