Եթե զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, էլի պատերազմ էր լինելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին, տնտեսության զարգացման հեռանկարներին և առաջիկա ծրագրերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին:

Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է.

«Սիրելի ժողովուրդ,

շատ կարևոր է պատասխանել հարցին, թե ինչու ընկան մեր տղաները: Այդ հարցն ունի շատ հստակ պատասխան՝ որպեսզի Արցախի Հանրապետությունը կանգուն մնա: Եվ պետք է արձանագրենք, որ այո՛, Արցախը, թեկուզ վիրավոր, բայց կանգուն է: Եվ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն ընդհանրապես Արցախը վերացնելն էր որպես սուբյեկտ: Եվ մեր տղաների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է, որ կարողացանք, այո՛, դժվար դիմակայել 44-օրյա պատերազմում: Այո՛, Արցախը վիրավորվեց, մենք բոլորս վիրավորվեցինք, խոցվեցինք, բայց, Արցախը կանգուն է, Հայաստանի Հանրապետությունը կանգուն է:

Եվ ուզում եմ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վրա ձեր ուշադրությունը հրավիրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի քանի օր առաջ հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ընդգծում էին Ղարաբաղի հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այսպիսով ընդգծելով հարցի չկարգավորված լինելը: Սա ինչո՞վ է կարևոր: Նրանով, որ Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Ղարաբաղի հարցը լուծված է այլևս, որ Ղարաբաղի հարց չկա: Բայց համանախագահներն ընդգծեցին, որ հարցը պետք է կարգավորվի, ընդ որում կողմերին հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ էլեմենտներից կարևորագույնն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ կարող ենք արձանագրել, որ միջազգայնորեն պահպանվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ու դա նաև մեր տղաների կյանքի և հերոսության գնով:

Եվ ես այս առումով ուզում եմ նաև անդրադառնալ մեր անվտանգության խնդիրներին, որովհետև շատ է հարց հնչում, թե ի վերջո Հայաստանի և Արցախի անվտանգությունն ինչ համակարգով պետք է պահպանվի: Հայաստանի և Արցախի անվտանգությունն այսօր հենված է և երեկ էլ է հենված եղել, այսօր առավել ևս հենված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի, գործընկերության վրա: Եվ ուզում եմ ընդգծել, որ մեր անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, ինչի տրամաբանությամբ նշանակում է, որ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա:

Նաև Արցախում խաղաղապահ կոնտինգետի տեղակայումն անվտանգության էական երաշխիքներ է ավելացնում Արցախի համար: Բայց, այնուամենայնիվ, ես նաև ուզում եմ ընդգծել մի հետևյալ հանգամանք: Օրինակ՝ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի համատեքստում շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսին էր Ռուսաստանի դերը կամ ինչու այնպիսին չէր, որի շուրջ Հայաստանում ոմանք մտածում էին, որ այդպես պետք է լինի: Եվ այս համատեքստում ինչպե՞ս ենք մենք գնահատում հայ-ռուսական բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը:

Իհարկե, հայ-ռուսական բարեկամությունը, գործընկերությունն ամուր է, ինչպես միշտ է ամուր եղել, ինչպես շարունակելու է ամուր մնալ: Ռուսաստանը մեր դաշնակից պետությունն է: Ռուսաստանը մեր եղբայր պետությունն է, բայց կրկին ուզում եմ արձանագրենք՝ Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ և Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները, որովհետև անվտանգային այն մեխանիզմը, որն ունեցել ենք, տարածվել է Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս:

Իսկ թե ինչպիսին են Հայաստանի Հանրապետության սահմանները, այդ նկարագրությունը դեռևս տրվել է 2010թ. Հայաստանում ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Ուզում եմ, որ այդ նրբությունը դուք հաշվի առնեք՝ 2010թ. Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է օրենք՝ Վարչատարածքային բաժանման մասին, որտեղ ընդգծվել է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է: 2010 թվականին: Ոչ թե Արցախի Հանրապետությունն է, այլ Ադրբեջանի Հանրապետությունն է: Արձանագրվել է, որ Կապան քաղաքից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է, ոչ թե Արցախի Հանրապետությունն է, այլ Ադրբեջանի Հանրապետությունն է:

Ես այսօր պատերազմի մանրամասներին շատ չեմ անդրադառնա, որովհետև նախորդ օրը խորհրդարանում մի ամբողջ օր հարցուպատասխանի և ծավալուն ելույթի միջոցով այդ թեմային անդրադարձել եմ: Բայց ուզում եմ նաև ընդգծել՝ այո՛, իմ գնահատականն այն է, որ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր, որովհետև 2018թ. դրությամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով զիջումների իմաստով, ըստ էության, հասել էր իր կարմիր գծերին և հատել էր այդ կարմիր գծերը: Այլընտրանք չկար, քան փորձել կանգնել և պաշտպանել մեր իրավունքը և պաշտպանել հայ ժողովրդի ու Արցախի ժողովրդի շահը:

Բայց ձեզ ավելին ասեմ՝ նույնիսկ, եթե մենք այդ զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, կրկին լինելու էր պատերազմ: Ինչո՞ւ, որովհետև միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում, եթե նույնիսկ Հայաստանն իր շահերին ոչ համապատասխան որևէ լուծման համաձայնվեր: Չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ: Եվ, հետևաբար, այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն»:

--0--ԿԿ