Արցախի փողոցում քաղաքացին տարբեր զենքերով կրակել է, իրավապահները վնասազերծել են նրան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Ապրիլի 17-ին՝ ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Արցախի փողոցի 8/16 շենքի մոտ կրակում են։ Դեպքի վայր էր մեկնել բաժնի օպերտիվ խումբը, որին միացել էին քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ու տարածքային քննչական բաժնի ծառայողները, ինչպես և փորձագետներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգով ու որսորդական հրացանով կրակոցներ արձակած տղամարդը տեղում էր, հրազեններն էլ՝ ձեռքին։ Տղամարդն իրավապահներին  հայտնեց, որ ինքնասպան կլինի։

Հնարավոր հետևանքները վայրկյան առաջ կանխելու համար անհրաժեշտ էր գործել ոչ միայն արագ, այլև պրոֆեսիոնալ, ինչն արեցին Էրեբունու բաժնի քրեական հետախույզները։ Նրանց հաջողվեց վնասազերծել տղամարդուն ու բերման ենթարկել բաժին, որտեղ պարզվեց ինքնությունը՝ Երևանի բնակիչ էր, 54 տարեկան։

Դեպքի վայրում, գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգից ու «ԻԺ» հրացանից բացի, կային նաև տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտներ, կրակված պարկուճներ, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ և այլ ռազմամթերք։ Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։

Բերման ենթարկված տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։

--00—ԼՄ