«Ժողովրդի իշխանությունը» գրեթե բոլոր ոլորտներում աննախադեպ ձախողումներ գրանցեց

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News 

Ստեփան Դանիելյան

Հասարակությունների կազմավորման հիմնական մոdելը իշխանությունից, միջին խավից ու ժողովրդական զանգվածներից կազմված եռանկյունու երեք կողմերի միջեւ եղած հարաբերությունների խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ իշխող դասը հենվում է ժողովրդական լայն զանգվածների վրա՝ թշնամի հայտարարելով միջին խավին, ականատես ենք լինում տոտալիտար (ամբողջատիրական) կամ ավտորիտար (բռնապետական) վարչակարգերի ձեւավորմանը: Այդպես էր Ստալինի, Հիտլերի իշխանավարման եւ լատինաամերիկյան դիկտատուրայի ժամանակ: Այդպես էր նաեւ հին ժամանակներում, օրինակ՝ Ներոնը ժողովրդի կողմից սիրված կայսր էր՝ որքան էլ նրա անօրինությունների մասին այսօր գրքեր կարդանք: Պատահական չէ, որ վարչակարգի համար անընդունելի անձինք հռչակվում էին «ժողովրդի», «ազգի», «ընտրյալ ռասսայի» թշնամիներ, եւ զանգվածը նրանց ընկալում էր իբրեւ «իր», այլ ոչ թե՝ իշխող խավի թշնամի։

Իսկ այն դեպքում, երբ տիրապետող դասը հենվում է միջին խավի վրա, կարող է առաջանալ օլիգարխիկ կամ ավտորիտար համակարգ։ Սա դասական սխեմայի պարզեցված ներկայացումն է։

2018 թվականից առաջ աշխատում էր կիսաօլիգարխիկ սխեման, կոռուպցիայից շատերն էին օգտվում, առաջացել էր նաեւ միջին խավ եւ յուրաքանչյուր ոք գիտեր իր տեղը՝ ընդունո՞ւմ էր դա, թե ոչ՝ այլ հարց է։ Անշուշտ, դա արդար համակարգ չես անվանի, որովհետեւ չէին գործում սոցիալական լիֆտերը, չկար զարգացման հեռանկար եւ այլն։

2018 թվականից հետո տեղի ունեցավ իշխանափոխություն եւ վերը նշված եռանկյունին այլ հարաբերությունների վրա սկսեց կառուցվել։ Իշխանության եկած ուսապարկերի կողմից «ժողովրդի թշնամի» հայտարարվեց ըստ էության միջին խավը եւ հռետորաբանության հիմնական թեզ հռչակվեց «հպարտ քաղաքացին» («հպարտ պրոլետարիատը», «հպարտ արիացին», «հպարտ մուսուլմանը», «հպարտ օսմանցին»), իսկ կառավարության ծրագիրը դարձավ «ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ բյուջե վերադարձնելը»: Սա մեզ հիշեցնում է այդօրինակ այլ երկրների վարչակարգերի կարգախոսները։ Ռեժիմը պետք է մատնացույց անի թշնամիներին, ապացուցի ու բացահայտի նրանց ցավերը։ Ժանրի կանոններին հավատարիմ՝ իշխանությունը հանդես է գալիս ժողովրդի անունից եւ գործում է հանուն ժողովրդի։ Բնականաբար, նմանատիպ իշխանություն ունենում է նաեւ թշնամիներ, որոնց ցուցադրաբար «փռում է ասֆալտին», «ծեփում պատերին» կամ, լավագույն դեպքում, «կտրում թաթիկները»: Պետք է գոհ լինենք, որ գաղափարախոսական, ֆինանսական ռեսուրսներն ավելի առաջ գնալու հնարավորություն չեն տալիս։ Իմիջիայլոց հիմա ավելի լավ եմ սկսել հասկանալ կոմբոջիացի Պոլ Պոտայի հոգեբանությունը։

Սակայն «ժողովրդի իշխանությունը» 2018-ից ի վեր գրեթե բոլոր ոլորտներում աննախադեպ ձախողումներ գրանցեց, որի հետեւանքով «հպարտ քաղաքացու» կյանքը գնալով վատացավ, իսկ արժեհամակարգային ու անվտանգային խնդիրների մասին անգամ չարժե խոսել։

Ինչպես տեսնում ենք, ե՛ւ 2018-ից առաջ, ե՛ւ 2018-ից հետո «եռանկյունին» սխալ է կառուցվել։ Իսկ միգուցե մենք պետք է մտածենք «նոր եռանկյունի» կառուցելո՞ւ մասին։

--00—ՄՀ