Պապիկյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական ծրագրերի իրականացման հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News 

Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում առկա չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝  զարգացնելով առեւտրատնտեսական կապերը և կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաեւ «Պարսից ծոց եւ Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարեւորությունը։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻՀՀ  դեսպան Աբբաս Զոհուրին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու եւ տնտեսական կապերի ընդլայնմանը  նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին,  համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաեւ Հյուսիս-հարավ  ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման եւ շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

--00--ԱԹ