Թբիլիսիի Նակաշիձե փողոցում հրաձգություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

տարածաշրջան

Անհայտ անձը հրազենից կրակ է բացել Թբիլիսիի կենտրոնում, մի երիտասարդ է վիրավորվել, հայտնում է «Առաջին ալիք»-ը:

Միջադեպը տեղի է ունեցել մոտ կեսօրին Սաբուրթալո թաղամասի Նակաշիձե փողոցի վրա:

Ականատեսների վկայությամբ՝ հարձակվողը «Գլովո» սուրհանդակային ցանցի մոպեդով էր: Նա մոտեցել էր տուժածին, պայուսակից հանել էր զենքը եւ կրակ էր բացել: Արդյունքում տղամարդը երկու փամփուշտ է ստացել:

Հարձակման պահին տուժածն ընկերոջ հետ էր: Կրակոցից հետո նրա ու հարձակվողի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում հարձակվողը լուրջ վնասվածք է ստացել գլխի հատվածում:

Դեպքի վայր օպերատիվ կերպով ոստիկաններ էին ժամանել, որոնց հաջողվել էր հետեւել հարձակվողին եւ ձերբակալել նրան:

Եւ վիրավորը, եւ զինված անձը տեղափոխվել են հիվանդանոց: Երկուսի վիճակը կայուն է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Տեղի բնակիչները միջադեպը կապում են վաղ հակամարտության և վրեժխնդրության հետ:

Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ պահելու փաստի առթիվ: Այս պահին Իոսելիանի փողոցը փակ է:

--0--ԿԿ