Հայաստան՝ «Բաց բաժնետիրական հոգեբուժարան»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

նկար
«Չկա ավելի դաժան տիրակալ, քան նախկին ստրուկը»

Ռոբերտ Հարիս, «Պոմպեյ»

 

Ե՞րբ բանականությունը լքեց մեր հայրենիքը, արտագաղթեց Հայաստանից։

Հարցը ոչ այդքան հռետորական է, որքան առարկայական, քանի որ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, նման է նրան, երբ գժերով լի գնացքը՝ խելագար գնացքավարի ղեկավարությամբ, սուրում է դեպի անդունդն այս անգամ ոչ թե փոսից դուրս գալու հերթական նպատակով, այլ վերջնականապես ջախջախվելու խոստումով։

Եվ աբսուրդը ամբողջանում է՝ այս անհավասարակշիռ տեսարանին ծափ տվողների ու ուրախությամբ «խենթանոց» գնացքը նստողների քանակի պատկերը տեսնելով։

Ու՞ր ես գնում, Հայաստա՛ն։

Վերոգրյալն ունի բազում կարծիքներ և ոչ մի ճշգրիտ պատասխան․ պատճառն ընդհանուր առմամբ Երրորդ Հանրապետության խորքային պատմության սխալ մատուցումն է` ընգծված վերջին 20֊21 տարում, որտեղ հաղթանակներն ու հաջողությունները պետք է ֆունդամենտալ դերի ու զարգացման հիմքի ճշմարիտ տեսքով արտացոլվեին։ Սակայն սա այլ նյութի թեմա է։

Առերևույթ պրոբլեմը վեջին երեք տարին է։

Փաշինյանական վարչակազմի օրակարգը դարձավ անկախ հանրապետության վերջնական կազմաքանդումը և Ղարաբաղի օտարումը Հայաստանից։

«Nikol & company»֊ի կառավարման՝ արդեն իսկ առաջին ամիսներին ակնհայտ դարձավ վերջինների տկարամիտ ապաշնորհությունը և բոլոր ոլորտներում ջախջախիչ ձախողման խոստումնալիությունը, բայց սա կարող էր թուլամիտ դրսևորում թվալ, եթե հետևանքը համապետական հանցավորության բնույթի չլիներ, իսկ ելքը` համազգային կատաստրոֆան։ Որովհետև հանցավորը չի կարող ապուշության հետ կապ ունենալ` մի բան, որն արվում է մտածված, կազմակերպված և ավարտվում «հաջողությամբ», այս դեպքում՝ աղետի տեսքով։ Իհարկե, փաշնինյանականները՝ իրենց ղեկավարով, բան-մանով, շարունակում են մնալ որպես անտաղանդ ու թուլամորթ կերպարներ և առանձին կամ հավաքական առումով հանդիսանում են քաղաքական անարժան հավաքածու, բայց բարոյական (զուրկ) հենց այս տեսակի նյութը պիտի ընտրվեր հեղափոխության իմիտացիան ապահովելու ու համաժողովրդական մանիպուլիացիան շարունակելու համար։ Դիցուք, ոչ ոք չի ասում, որ Նաիրին (Հունանյանը) ու իր խմբակը համարձակ ու կամային էին, և չնայած այն հանգամանքին, որ սպանեցին Հայաստանի (և ոչ միայն) ամենաուժեղ առաջնորդին, մեկ է, իրավամբ մնացին որպես ճիվաղներ, հայրենիքի ճղճիմ դավաճաններ, որոնց մեջ գերակշռում էին վախն ու կոմպլեքսները, չհիմնավորված ամբիցիաների ծարավը և նման ստորաքարշ բաներ։

Շակալները, երբ առյուծ են սպանում, չեն դառնում վեհ, մնում են ստոր։

Նույնը Նիկոլի և իր անդեմ ու անվեհ թիմի մասին է ասվում։

Իսկ ինչո՞ւ է հասարակությունը, ժողովուրդն այսքան իներտ ու այսպես անդեմ և հանդուրժում է այս դավադիր լկտիությունը։

Տեղին կլիներ պատասխանել սիրելի ֆիլմից մեջբերումով՝ «որովհետև տգետ է», բայց սա ամփոփ ու կարճ կլիներ։

Ազգի որակը փոխվել է և իջել ամբոխի գռեհիկ մակարդակի, որտեղ կրքերն ու ցանկություններն են միակ կարևորը։ Եվ եթե խորհրդային սերնդին հաջողվեց պետություն ստեղծել, պատերազմ հաղթել, բանակ կառուցել, պետական իսնտիտուտներ երևան բերել, անկախության և ազատության գաղափարները սերմանել և էլի շատ հաջողություններ ունենալ, ապա անկախության սերունդն այս պահին իրեն, մեղմ ասած, չարդարացրեց և շփոթված վիճակում է։

Նիկոլն այսօրվա ժողովրդի հայելային արտացոլանքն է, հավաքական կերպարը, և դա է պատճառը, որ ոչ թե բանականությամբ, այլ զգացմունքներով շարժվող ժողովուրդի մի մասը չի ուզում մերժել իր իռացիոնալ սիրո խորհրդանիշին` անկախ նրանից, որ նա ազգակործան պատուհաս է։

Այս տեսակի դոմինանտ գոյության համար պատասխանատվությունն իրավամբ ընկնում է վերջին քսան տարվա իշխանությունների ուսերին, որոնք ազատված էին պատերազմի և հետպատերազմական խնդիրներից, վայելում էին խաղաղ շրջան ու լայն հնարավորություն ունեին պետությունն ապահովելու կրթված հասարակությամբ և որակյալ բուրժուազիայով, բայց նախընտրեցին գործարարի օլիգարխիկ տեսակը, քրեական տարրերի դերի մեծացումը, անորակ ու թունավոր սերիալների և հաղորդումների գեներացիան, մեդիա դաշտում ներդրեցին խաղի կեղտոտ կանոններ, զբաղվեցին ազգային դեմագոգիկ քարոզչությամբ, հետ կանգնեցին անկախության գաղափարներից, չամրապնդեցին ազատական ռեֆորները և նրանց արժեքային փիլիսոփայությունը ու ինքնիշխան, ուժեղ պետությունը վերածեցին կազմակերպված բանդայի մոդելի (մտքի հեղինակ՝ Ռոբերտ Քոչարյան)։ Արդյունքում հասարակության մեջ հաջողակ մարդու կերպարը ստացվեց գռեհիկ, անկիրթ զորբան, որի լավագույն օրինակն էր Ծառուկյան Գագիկը։ Վերջնարդյունքը պիտի լինեին 2018 թ. դեպքերը, բայց ոչ թե համազգային արդար ըմբոստության նպատակով, այլ համապետական դավադրության էությամբ` ոգևորության ծխածածկույթի տակ թաքցված։

Եվ եթե նախորդ քսան տարվա իշխանությունները մտածում էին, որ գլխավորը Ղարաբաղի հայկական լինելը պահելն է, և դա պատկերացնում էին միայն սեփական դեմքով իշխանության մնալով ու իրենց իշխանավարությունը ամեն ձևով և գնով պահելով (ինչը մեծ դեմագոգիա էր, քանի որ, բացի իշխանությունը պահպանելուց, պետք էր նաև ժողովրդին պահել, Հայաստանի առաջնահերթ ուժեղացումն ու զարգացումը ավտոմատ նպաստելու էին Արցախի ամրապնդմանը, հարցի բարենպաստ լուծման հնարավոր մեծացմանը, և նաև այս ընկալումներից ելնելով էր, որ Վազգեն Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի հետ 1999 թ․-ին ստեղծեց «Միասնություն» դաշինքը), ապա Նիկոլի և քայլականների պարագայում մենք բախվեցինք դարի ստին ու ամենաանմարդկային կեղծավարությանը։

Չկա ավելի մեծ հանցագործության, քան այն, որը արվում է մարդու հավատքի, խղճի, մտքի դեմ։

Եվ հիմա հայ ժողորդի մի ստվար զանգված մտածում է, որ Նիկոլի և յուր տկարության վառ արտահայտվածություն ունեցող թիմի մոտ չի ստացվում ոչինչ, որովհետև նրանց խանգարում են նախկինները, Պուտինը, Էրդողանը, գեներալ ալ֊Սիսին, Մուհամեդ ալ֊Սաուդը կամ աֆրիկյան Պոլ Կագամեն և, միգուցե, հեռավորարևելյան ույղուրներն ու, հնարավոր է, ամերիկյան ռեզերվուարների շուրջ հավաքված կարմրամորթները, մի խոսքով՝ բոլորը և բոլորն են մեղավոր ու ոչ մի դեպքում Փաշինյանը։ Ինչո՞ւ, որովհետև նրանք սիրում են նրան` անմոռաց ու անթաքույց զգացմունքով, քանի որ Նիկոլը նրանցից մեկն է` էությամբ խեղճ, ձևով` ագրեսիվ, բնույթով` նախանձ, բանավոր խոսքով`անմակարդակ, հաղթանակի չընդունակ, գործով` իմպոտենտ, ծեծված ու վախեցած։ Այսինքն՝ հայ պլեբեյի ամբողջական կերպար։

Եվ հավաքական առումով հարց տվող չկա, թե՝ ա՛յ թուրք ու ազերի բեգերին խոնարհ հայահալած շակալներ, Փանջունո՛ւ ծոռներ, չունևորի՛ թոռներ, գենետիկ այդ ո՞ր իրավունքով համայն հայության հույսն ու սերը վերցրիք ու շպրտեցիք կեղտաջրի փոսի մեջ, մատղաշ սերնդին թյուրքական մորթանոց ուղարկեցիք, արյունով ու քրտինքով ստեղծած հազարավորների կենսության հաշվին պահած պետությունն ու հաղթանակը հաշված ժամկետում զգետնեցիք և երկիրն էլ վերածեցիք գուբերնիայի ու վիլայեթի արանքում քաշ եկող մի կենսատարածքի։ Ու հիմա՝ ձեզ կույսի տեղ դրած, պոռնիկի կեցվածքով, աննախադեպ լկտիությամբ, էլի գոռում եք հպարտ ու «դուխով»` խոստանալով բոլորիս տանել դեպի պայծառ ապագա։ Մի բան էլ, թե բա Թուրքիայի հետ ջերմանանք, սահմաններն ու ճանապարհները արգելաբացենք, գնանք-գանք, միրգ ու բանջարեղեն ծախենք, էժան բենզին ու նարշարաբ առնենք, Խուդավերինից հյուսիս-արևմուտք ստրիպտիզ ակումբ բացենք, իրենք էլ մեզ մոտ բոզանոց, ֆլան-ֆստան խաղացնենք։ Չէ՛, լու՞րջ։ Բա դրանից առաջ ամենածայրահեղ ու վերջին տխմար ազգայնականի պես ո՞վ էր ասում` Ալիևի ժողովրդին կոչ կանենք՝ ոտքի կկանգնի ու իրեն կուտի, «նոր պատերազմ, նոր տարածքներ», առիթ լինի՝ տանկով մտնենք Բաքու, թշնամին կկորցնի իր հարվածային զինուժի մեծ մասն և նոր տարածքներ ու նման բաներ, հուլիսյան ավանտյուրան էլ՝ սրան վրադիր, իսկ ավելի շուտ էլ քամահրանքով Լավրովին էիք ձեզ ադապտացնում (ուզի-չուզի) ու Եվրամիության բյուրոկրատներին հեգնում (մի հատ թափ տանք, ավելի շատ փող կհանենք)։

Այո՛, Թուրքիայի հետ երկխոսել պետք է, բայց երբ որ գոնե ռեգիոնալ դիմադրողականության բավարար ուժ ունես, մեջքիդ` ամուր բանակ և միասնական, բանական հասարակություն, համազգային աշխարհասփյուռ միասնություն, ճկուն դիվանագիտություն, արժանապատվության կոդեքս, երբ հավասարության նշույլներ կան, ու դու քեզնից բան ես ներկայացնում, ոչ թե երբ «դուխով» ճվճվացող բերանիտ տվել են, շանսատակ արել, քեզ ջարդել ու անդամահատել են ու թելադրում են՝ ինչը ոնց անես, և դա մեզ ներկայացվում է որպես կառուցողական քաղաքականություն։ Մինչդեռ երկխոսություն չի կարող լինել հաղթածի և պարտվածի միջև, այդտեղ կարող է լինել միայն պարտադրանք, այն էլ՝ հօգուտ թշնամու։

Թավշյա թասիբազուրկների ձեռամբ Հայաստանը գեոպոլիտիկ օրակարգի մեջ որոշող չէ, այլ միայն ձայնազուրկ կատարող։

Վանոն ասում էր. «Սա հայի բախտի չի, այլ՝ հայի խելք»։

Եվ վիճակը այսպես էլ կշարունակվի, ու «նիկոլիզմը» կմնա ղեկավար դիրքերում, քանի դեռ մտածելու ունակությունն ու սթափ դատողությունը չեն վերադարձել հայրենական գիտակցում։ Դա միայն կարող է լինել այլ իշխանության պարագայում, իսկ նման բանի համար էլ ուրիշ տեսակի ու որակի լիդեր է պետք, որ դեռ չի երևում։

Իսկ մինչ այդ հայկական ժամանակի մեջ ապրողները կսլանան սեր առ Նիկոլ, այսինքն՝ սեր առ ոչինչ ընթացքի մեջ՝ կորցնելով անգին ժամանակը և ոտքի կանգնելու ու շտկվելու բարակող հնարավորությունը։

Սակայն պետք է ասել, որ սերը վերլուծության չի ենթարկվում (միտքը` Սիրադեղյանի) երկու տարբեր սեռերի հարաբերությունների դեպքում, իսկ առաջնորդ֊քաղաքացի֊պետություն ձևաչափում վերաբերմունքը բխում է ըստ ստանձնած պատասխանատվության արդյունքի, ոչ թե հորինած չեղածի։

--00—ԼՄ

 

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան, հրապարակախոս