Ռուսական պատվիրակությունը պիտի կողմ քվեարկեր. պաշտոնական դիրքորոշումը դա էր պահանջում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Ի՞նչ տվեց մեզ ԵԽԽՎ-ում ռազմագերիների հարցով քննարկումը. այն, որ նման բարձր ատյանում այսպիսի քննարկման առաջին դեպքն է: Այս մասին 24news-ի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:

Նա կարևորեց այն, որ ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցով քննարկմանը հետևում են անդամ պետություններում: Սա, ըստ Մարուքյանի, ճնշում է Ադրբեջանի նկատմամբ: Վերջինիս խոսքով՝ ԵԽԽՎ-ում քննարկումը կարևոր էր. իսկ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ էլի պետք է աշխատել: Նա կարևորեց այն, որ այս հարցում կառույցում առկա դիրքորոշումը հստակ է՝ հայ ռազմագերիները միանշանակ պետք է վերադարձվեն. այստեղ երկրորդ կարծիք չկա: 

Մարուքյանը նշեց՝ հայկական կողմը բավական լուրջ աշխատանք է տարել ԵԽԽՎ-ում, սակայն քանի որ նույնն անում են նաև Ադրբեջանն ու Թուրքիան, անակնկալները բացառված չէին, սակայն ԵԽԽՎ նիստում դոմինանտ էր պահանջը, որ հայ գերիները պիտի վերադարձվեն:

«ԵԽԽՎ-ում հնչեցին հարցեր, որոնց Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները պատասխան չունեին: Թուրքիայի պատվիրակները կիսահոգնած ելույթներ էին ունենում, ձեռքի հետ պաշտպանում Ադրբեջանի պատվիրակությանը»,- ասաց նա:

ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության դիրքորոշմանն անդրադառնալով՝ Մարուքյանը նշեց, որ դրա հետ կապված՝ իրենց ասել են, որ տեխնիկական խնդիր է եղել. ՌԴ պատվիրակները դեմ չեն եղել, որ ռազմագերիների հարցը քննարկվի:

«Հայաստանում գույները խտացված են՝ վայ, ռուսները չքվեարկեցին. մեծ հաշվով իրենց քվեարկությունից ոչինչ կախված չէր: ԵԽԽՎ-ում ռուսների քվեարկությունը դարձավ Հայաստանում շահարկվող հերթական թեման»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ