Դատավոր Կարինե Պետրոսյանն աջակցություն է հայտնել դատավորներ Վարդազարյանին և Ազարյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

123

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը հայտարարություն է տարածել՝ իր աջակցությունն է հայտնել դատավորներ Ռուբեն Վարդազարյանին և Ալեքսանդար Ազարյանին։

«Այսուհետ յուրաքանչյուր դատավոր մենակ է իր իրավունքների համար պայքարում:

Մենակ է դիմակայելու օրեցօր ավելացող ճնշումներին, մարտահրավերներին, որովհետև մեկ ձայնի ստորագրությամբ, մեկ «անձ»-ի քվեարկությամբ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից վերածվեց օրենսդիր մարմնի իշխող ուժի տեղական նշանակության օղակի, դատավորներին պատժող ու զսպող կառույցի, որի «ղեկը» տրվեց սահմանադրական օրենքի պահանջների խախտմամբ ընտրված, տարիքը լրանալու հիմքով լիազորությունները վաղուց դադարած անձի: Մի հանգամանք, սակայն, հաշվի չեն առել:

Դատավորներից յուրաքանչյուրը իրավունքի ինքնուրույն սուբյեկտ է, անհատականություն, ով զգացել է անկախության շունչը և յուրացրել մի պարզ ճշմարտություն. ինքն է պատասխանատու իր յուրաքանչյուր որոշման համար: Հետևաբար Բուլգակովին հետմահու պատասխանատվության ենթարկելով, դատավորի լիազորությունները՝ բաղձալի հրաժարականի մտադրությամբ կասեցնելով. հաջողության չեն հասնելու: Անվերապահ աջակցում եմ իմ գործընկերներին՝ դատավորներ Ռուբեն Վարդազարյանին և Ալեքսանդր Ազարյանին»,-հայտարարել է դատավորը:

--00—ԼՄ