Ի՞նչն է խանգարում Փաշինյանին հրապարակել ստվերային բանակցության և 5 միլիարդը հերքող փաստերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

հասարակական

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը։ 

«Ի պատասխան Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության, համաձայն որի՝պատերազմի 4-րդ օրը ՀՀ Անվտանգության խորհրդին ինքը ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը և առաջարկել երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հետևեց Անվտանգության Խորհրդի՝ մի քանի ամիս ուշացած պատասխանը։ ԱԽ գրասենյակը գաղտնազերծեց և հրապարակեց Անվտանգության խորհրդի 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստին Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ։ Հայտարարության և գաղտնազերծված փաստաթղթի ընտրովի հատվածների բովանդակությունը քննարկման այլ թեմա է։

Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի համաձայն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծվում են դրանք տնօրինող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից, որոնց ղեկավարներն անմիջականորեն կազմակերպում և գլխավորում են գաղտնազերծման աշխատանքները:Անվտանգության խորհրդի մասին ՀՀ Օրենքի համաձայն՝Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Հետևաբար՝ գաղտնազերծման ողջ գործընթացը տեղի է ունեցել վարչապետի անմիջական կազմակերպմամբ և գլխավորությամբ։

Հարց է ծագում, թե ինչո՞ւ վարչապետը նույն հետևողականությամբ չի գաղտնազերծում մեկ այլ կարևորագույն թեմա, որը կարծես թե սկիզբ դրեց պատերազմին և պարտությանը։ 5 միլիարդի հետ կապված հանդիպման բովանդակությունը ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ 2020թ. դեկտեմբերի 15-ի հարցազրույցում խուսափեց հրապարակայնացնել, սակայն շեշտեց, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել էր օպերատիվ կապ, և մինչև  ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իր և ևս մեկ պաշտոնյայի միջոցով։ Օպերատիվ կապի շրջանակներում շփումների արդյունքում ստացված տարաբնույթ տեղեկությունները նա փոխանցել է Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:

Տրամաբանական պահանջ

Եթե վարչապետի թույլտվությամբ հրապարակվում է ԱԽ-ի նիստից հատված, ապա պետք է հրապարակվի նաև ազգային աղետի հիմքում դրված ստվերային բանակցությունների և թշնամու կողմից ստվերային առաջարկների հատվածը ևս։

Ի՞նչն է խանգարում վարչապետին՝ նույն ջանասիրությամբ և հետևողականությամբ ու նույն մեխանիզմով հրապարակել ստվերային բանակցությունների մասին փաստերը, ինչպես նաև 5 միլիարդի մասին տեղեկությունները հերքող փաստերը։ Սա պետք է դառնա քաղաքական ուժերի և հանրության  պահանջը»։

--0--ԿԿ