Վենետիկի հանձնաժողովը խնդիր չի արձանագրել ԸՕ փոփոխություններով ընտրության գնալու մասով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

Բադասյան

Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Կարծիքում, դիտարկելով 2021 թվականի ապրիլի 1-ին Խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով վերացվում է ռեյտինգային համակարգը` տարածքային թեկնածուների ցուցակները, նշվել է, որ այն առումով, որ դրանց վերաբերյալ կար լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մեծ մասի կողմից և հաշվի առնելով, որ դա, ըստ էության, չի փոփոխում ընտրական համակարգը, ավելին, պարզեցնում է այն, որևէ խնդիր չի արձանագրել այդ փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և վերջինիս կողմից արձանագրված դրական փոփոխություններին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում», - գրել է նախարարը։ 

--00—ՄՀ