Արցախյան պատերազմի երկրորդ արարն է սկսվում․ հրահրվում է սոցիալական բունտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Սյունիքում տեղի ունեցածը 44-օրյա պատերազմի շարունակությունն է՝ ներքաղաքական հետցնցումներով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

«ՀՀ-ի կողոպտված անցյալի պարագլուխները հրաման են կատարում՝ ցնցելով քաղաքական-հասարակական կյանքը։ Սա իշխանության դեմ չէ, այլ՝ պետության։ Այս պարտության 95 տոկոսը, հավանաբար, իրենց վզին է։ Եվ այդ մարդիկ աստվածային դեմքով եկել են Հայաստանը փրկելու։ 30 տարի բանակ կառուցեիք, ո՞ւր էիք։ Այսօր եկել եք, հայրենիք եք փրկում, ումի՞ց։ 

Ո՞վ ունի վստահություն, որ իրենք եկան իշխանության, Սյունիքի հարցը լուծելու են։ Մեզ բանակի վերակազմավորում է արագ պետք։ Բանակի գեներալիտետը պետք է բացատրի՝ ինչո՞ւ 30 տարի բանակ չեք ստեղծել, ինչո՞ւ եք 150 կգ օլիգարխներ «աճեցրել» բանակի փոխարեն, որոնք այսօր լավ փախել են։ Այսօր գտել եք մի իշխանություն, որն իսկապես մեղավորություն ունի, բայց որն իր չափն ունի»,- ասել է նա։

Խոսելով ընտրությունների մասին՝ քաղաքագետը նկատել է, որ եթե վերարտադրվելու է նախկին անցյալը, ապա Հայաստանը գոյության շանս չի ունենա։

«Եթե այս ընտրությունը վերածեն «բազառի», պատկեր կստեղծվի հանրության մոտ, որ իր այլանդակված անցյալը հետ է գալու։ Գնալու են, նորից 80 տոկոս ձայն տան գործող իշխանությանը։ Եթե  այդպիսի խորհրդարան է ձևավորվելու, բերելու է վատթարագույն հետևանքների»,- եզրափակել է Սուքիասյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ