Հետհաշվարկը սկսված է․ Սյունիքի դեմ պատերազմի շեմին ենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Վարչապետին հայհոյելը որևէ կերպ չի կարելի արդարացնել։ Սակայն եթե այս բաղադրիչը հանենք գործընթացից, ապա կարելի է ասել, որ ամենաադեկվատը նրան դիմավորեցին Սյունիքում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։

Պետրոսյանը նկատել է, որ սյունեցիների վրդովմունքը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով, սակայն այլ մտահոգություն կա, որն ավելի կարևոր է։

«Մենք այսօր կանգնած ենք այնպիսի օրակարգի առաջ, որը կարող է տանել Սյունիքի առանձնացմանը։ Սա ազգային անվտանգության սպառնալիք է։ Իշխանության ապաշնորհ կառավարման արդյունք է։ Ինչ-որ մի օր կարող է Լեռնահայաստան ասվածը  փորձել տրոհվել ՀՀ-ից։ Այս գործընթացի սաղմերը դրված են։ Դա թույլ տալ չի կարելի։ Ի՞նչ է լինելու, եթե կենտրոնական իշխանության հնչող հրահանգները որևէ կերպ չանցնեն այնտեղ։ Անխնա բոլորը ձերբակալվելո՞ւ են, տանկե՞ր են մտնելու։ Ի՞նչ է լինելու։  Ես չեմ ասում, որ այն լինելու է առանձին հանրապետություն, բայց ասում եմ, որ քայքայման գործընթացն արդեն սկսված է»,- ասել է նա։

Խոսելով Սյունիքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներից՝ Պետրոսյանն ընդգծել է, որ հետհաշվարկը սկսված է։

«Սյունիքի դեմ պատերազմին հաշված ժամեր կարող են մնացած լինել։ Ավելի ցավոտ հետևանքներ ենք ունենալու, քան 1915թ․-ին։ Այն ժամանակ պետականություն չունեինք, այս անգամ կկորցնենք և՛ պետականությունը, և՛ մնացածը, եթե սա շարունակվի։  Իշխանությունը չզիջելու կարողություն չունի։ Եթե հետագայում ուզենանք էլ զիջումների չգնալ, ի՞նչ եք դրան հակադրելու»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ