Միրզոյանը Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին Երևանում մասնակցելու համար, ինչը ևս մեկ անգամ փաստում է երկու երկրների բարեկամության և եղբայրության մասին: Խորհրդարանի խոսնակը նշել է, որ Հայաստանի և Կիպրոսի ամուր կապերը հիմնած են դարավոր քրիստոնեական եւ մշակութային կապերի վրա:

Արարատ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանի խորհրդարանն իր հերթին ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Նա նշել է, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափում:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին հյուրընկալելու համար՝ նշելով, որ Կիպրոսը եղբայրական զգացմունքներով է լցված Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Պետրիդեսն ընդգծել է, որ երկու երկրների արտաքին սպառնալիքները բավականին նման են՝ պայմանավորված Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում թուրքադրբեջանական ագրեսիային՝ երկուստեք կարևորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանների միջև, պաշտպանական եւ այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

--00—ԼՄ