ՀՀ նախագահականում պարգևատրվեցին Ֆրանսիայի Սենատի նախագահն ու մի խումբ խորհրդարանականներ

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

․

ՀՀ նախագահի նստավայրում կայացավ պարգևատրման արարողություն, որի ժամանակ Հայ ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն պարգևատրվեց Պատվո շքանշանով:

Բարեկամության շքանշանով պարգևատրվեցին Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Ֆրանսիայի Սենատի «Սոցիալիստական, բնապահպանական և հանրապետական» խմբակցության նախագահ Պատրիկ Կաները, Ֆրանսիայի Սենատի «Կենտրոնամետ միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելը, Սենատի «Կոմունիստական, հանրապետական, քաղաքացիական և բնապահպանական» խմբակցության նախագահ Էլիան Ասասին, Սենատի «Բնապահպանական, համերաշխություն և տարածքներ» խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր- Լյուկ Դըվինազը, Սենատի  նախագահի դիվանագիտական խորհրդական Հյուբեր դը Կանսոնը: Պարգևները հանձեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին կարելի է խոսել շատ երկար: Դրանք դարերի բարեկամության պատմություն են: Մենք երբեք չենք մոռանա, որ հազարավոր հայորդիներ Մեծ եղեռնից հետո իրենց փրկության հանգրվանը գտան Ֆրանսիայում: Մենք, իհարկե, շատ լավ հիշում ենք, որ սրանից 20 տարի առաջ նախագահ Շիրակի նախաձեռնությամբ Ֆրանսիան ճանաչեց 1915 թվականի հայերի ցեղասպանությունը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Մենք շատ լավ հիշում ենք, որ Մեծ Եղեռնի 100-ամյակի օրերին մեզ հետ էր Ֆրանսիայի նախագահ Օլանդը: Մենք շատ լավ գիտենք և հիշում ենք, որ ընդամենը 3 տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 24-ը, Ֆրանսիայում դիտվում է որպես Եղեռնի հիշատակության օր: Եվ մենք շատ լավ հիշում ու գնահատում ենք, հիշելու ենք ընդմիշտ, նախորդ տարի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ձեր աջակցությունը և մասնավորապես ձեր որոշումը՝ առաջարկել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ նախագահը:ասաց ՀՀ նախագահը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը միշտ հիշելու են և երբեք չեն մոռանա Ֆրանսիայի այդ ազնիվ որոշումը և քայլը: Արմեն Սարգսյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ներկաներին, շնորհավորեց նրանց Հայաստանի Հանրապետության բարձր պարգևների արժանանալու, շքանշաններով պարգևատրվելու առիթով և հույս հայտնեց, որ նրանցից յուրաքանչյուրի համար Հայաստանը նաև երկրորդ հայրենիք է:

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, շնորհակալություն հայտնելով պարգևների համար, նշեց, որ սա բարեկամության լավագույն խորհրդանիշն է: Ժերար Լարշեն նկատեց, որ իր ստացած շքանշանը Փարիզի դրամահատարանում է հատվել:

«Մեր  ժողովուրդները, պետություններն ամուր կապերով են կապված: Մենք ունենք շատ հայրենասերներ, որոնք ձեր ազգակիցներն են: Այսօր նրանք դարձել են մեր հայրենակիցները, որոնք խորապես հայ են ու խորապես ֆրանսիացի»,-ասաց Սենատի նախագահը:

Ժերար Լարշեն առանձնացրեց շքանշանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նշելով, որ այն արժեքների ուղենիշ է, խորհրդանշում է վերածնունդը ողբերգություններից հետո:

--00--ԱՀ