Չնայած Թուրքիան և Ադրբեջանը մերժում են Բայդենի հայտարարությունը, բայց այն իրողություն է

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 25,  24News

ահ աժ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

«Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում  Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է Հայոց 106-ամյա ոճրագործությունը։

ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու  իրավունքների և արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։

Առ այսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում  ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք ՝սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց։

Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են Բայդենի հայտարարությունը, այնուամենայնիվ այն արդեն իրողություն է, և ոչինչ փոխել չի լինի»։

--00--ԱՀ