«Միասին կարող ենք». տեղի կունենա Հայաստան-Արցախ 6-րդ միջազգային բժշկական համագումարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

հասարակական

2023 թվականի հուլիսի սկզբին Հայաստանում և Արցախում տեղի կունենա Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը։ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի առողջապահական և բժշկական հանրույթներին միավորող 6-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր նախագությունը ստանձնել է «Արաբկիր բժշկական կենտրոն»-ի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։ Համագումարը համանախագահելու են Վիգեն Խաչատուրյանը, Գևորգ Յաղջյանը և Համբարձում Սիմոնյանը։

Համագումարի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Օրերս կայացած կազմակերպչական կոմիտեի անդրանիկ նիստում քննարկվել և հաստատվել է առաջիկա գործողությունների պլանը, ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքների իրականացման ոլորտային պատասխանատուների շրջանակը։

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարն ընթանալու է «Միասին կարող ենք» կարգախոսի ներքո։ «Հաշվի առնելով ներկա իրողություններն, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած մի շարք մարտահրավերները այս կարգախոսի ներքո մեր մասնագիտական համախմբվածությունն ավելի քան կարևոր է և անհրաժեշտ»,- կազմակերպչական կոմիտեի նիստում նշել է համագումարի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանը։

Համագումարի Սփյուռքի թևը ներկայացնող համանախագահ Գևորգ Յաղջյանի խոսքով՝ համագումարը մեկ հարկի տակ է համախմբելու առողջապահական ոլորտի ճանաչված մասնագետների, մեծ փորձառություն ունեցող բժիշկների, բուժաշխատողների՝ վերջիններիս թույլ տալով հաղորդակից լինել և յուրացնել միջազգային առաջադեմ փորձի ոլորտային ձեռքբերումները։ Համագումարի հայաստանյան թևը ներկայացնող համանախագահ Համբարձում Սիմոնյանի խոսքով՝ համագումարի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտների առջև ծառացած բարդ և հրատապ խնդիրներին։ Համագումարի արցախյան թևը ներկայացնող համանախագահ Վիգեն Խաչատուրյանի խոսքով էլ համագումարի կարևոր առաքելություններից է ոչ միայն առողջապահության ոլորտի նորարարական ձեռքբերումների ներկայացումը, այլ նաև այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան տեղայնացնել և ապահովել այդ ձեռքբերումների գործնական կիրառումը։

Կազմակերպչական կոմիտեի անդրանիկ նիստի ավարտին որպես 6-րդ միջազգային բժշկական համագումարի մեկնարկի խորհրդանիշ՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ հանրապետական գիտաբժշկական գրադարանի պարտեզում եղևնի է տնկվել։

--0--ԿԿ