ԿԳՄՍՆ-ում ատելության քարոզը նախարարի անունից շարունակում է Արա Խզմալյանը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

1

«Ժողովուրդը» գրում է․ «Գաղտնիք չէ, որ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար դառնալուց հետո Արայիկ Հարությունյանը որդեգրել էր մի քաղաքականություն, որով փչացրել էր հարաբերությունները կրթության ոլորտում կայացած կառույցներից երեքի՝ «Dasaran.am», «Այբ» դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավարների հետ: Ավելին, նախարար եղած ժամանակ նա ամեն ինչ անում էր այդ հաստատությունների աշխատանքը բարդացնելու համար, որն էլ հանգեցրեց արդեն միջանձնային հարաբերությունների վատթարացման:

Այսօր արդեն նախարարի պաշտոնը զբաղեցնում է Վահրամ Դումանյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով նախկին նախարարի գործն այժմ շարունակում է փոխնախարար Արա Խզմալյանը, որը դեռ խնդիրներ է ստեղծում այն մարդկանց հետ, ում չէր ընդունում Արայիկ Հարությունյանը։

Ընդ որում, դա անում է հենց Վահրամ Դումանյանի անունից: «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 22-ին հարցում էր ուղարկել նախարարություն՝ ցանկանալով պարզել՝ արդյոք Դումանյանը շարունակում է նախկին նախարարի ուղղվածությունը պահել, թե վերանայել է նախարարի հետ թշնամացածների հետ հարաբերությունները:

Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունից հայտնել են. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, այդ թվում նաև նախարարը և մյուս ղեկավար պաշտոնյաները, իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և նախարարության կանոնադրության շրջանակում` փոխադարձ գործընկերային հարգանքի հիման վրա, բնականոն աշխատանքային մթնոլորտում»։ Եվ չնայած այս պատասխանին՝ նկատենք, որ ԿԳՄՍ-ում ատելության և դրա քարոզի քաղաքականությունը շարունակում է Արա Խզմալյանը նախարարի անունից»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ