Արմեն Գրիգորյանը կարևորել է ՀՀ ԶՈւ բարեփոխումներում ՌԴ հետ փոխշահավետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

Գրիգորյան Պատրուշև

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից:

Կողմերը ընդգծեցին Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները և ինտենսիվ շփումները: Երկուստեք կարևորեցին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը:

Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանը անդրադարձավ հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարևորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը:

Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև ընդգծեց տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում հաստատվեց Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021 – 2022 թթ. համագործակցության պլանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ:

--00--ԱԹ