ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները պարբերաբար հանդիպում են գերիների հարցով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

ԱԱԾ

Այսօր չի կարելի ասել՝ ռազմաքաղաքական վիճակը հանգիստ է ու ռիսկեր չի պարունակում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը՝ հավելելով, որ քանի դեռ իրավիճակը չի հանդարտվել, ցանկացած ֆիզիկական անձի մոտ կարող է անհանգստություն լինել:

«Ամբողջ բնագծով դիրքավորված են երկու կողմի զորքերը. այսօր ունենք 520 կմ բնագիծ, որտեղ դիրքավորված ոնց եղել են, կան: Վիճակի հանդարտեցումից հետո պետք է այդ հարցը քննարկման առարկա դարձնել, մոտենալ դելիմիտացիային, դեմարկացիային»,- ասել է նա:

Լրագրողները հետաքրքրվել են նաև գերիների վերադարձի շուրջ տեղի ունեցող գործընթացներով: 

Մելքոնյանը տեղեկացրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների միջեւ հանդիպումները պարբերաբար արվում են՝ գերիների հարցերին լուծում տալու համար: Հարցին՝ վերջին անգամ երբ են հանդիպել, նա տեղեկացրել է՝ հավանաբար մեկ ամիս առաջ: 

Դա, սակայն, ըստ Մելքոնյանի, չի նշանակում, որ կապը չկա: Նրա խոսքով՝ անմիջական հանդիպումներից բացի նաև հեռախոսային կապ կա: Թե ինչ կապով են շփվում երկու երկրների ԱԱԾ ղեկավարները, Մելքոնյանը չի հստակեցրել, միայն նշել է.

«Ինչ կապով է խոսում՝ դա կարևոր չէ, կա կապ, որով կարողանում են հաղորդակցվել»:

--00--ԱԹ