Մեսսին կերկարաձգի պայմանագիրը Բարսելոնայի հետ․ Նա պատրաստ է գնալ աշխատավարձի 50% կրճատման

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

սպորտ

Լիոնել Մեսսին մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգմանը: Sport Sky Italia-ն հայտնում է, որ նախորդ շաբաթ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան և ֆուտբոլիստի հայր Խորխե Մեսսին, ով նրա գործակալն է, հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են  խաղացողի պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Այս մասին գրում է Armsport.am-ը։
 
«Բարսելոնան» պատրաստվում է երկու տարվա պայմանագիր առաջարկել Մեսսիին, իսկ հարձակվողն ինքը պատրաստ է գնալ աշխատավարձի 50% կրճատման: Լեոյի աշխատավարձի խնայողությունները կարող են օգնել «Բարսելոնային» ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:
 
Բացի այդ, «Բարսելոնայի» հետ երկամյա պայմանագիրն ավարտելուց հետո Լեոն կմեկնի Մայամի «Ինտեր», որը պատկանում է Դեյվիդ Բեքհեմին: Ամերիկյան ակումբում Մեսսին պատրաստվում է վերամիավորվել իր ընկերոջ ու «Բարսելոնայի» նախկին գործընկեր Լուիս Սուարեսի հետ: Արգենտինացին կդառնա նաև Բարսելոնայի դեսպանը Ամերիկայում՝ օգնելու տարածել ակումբի ապրանքանիշը ԱՄՆ-ում:
 
Նշվում է, որ Մեսսին պատրաստ է ընդունել նման առաջարկը, որը կարևոր պահ է հետագա բանակցությունների համար:

--0--ԿԿ