Քթներիցս եկավ Քոչարյանի 10 տարիների խաղաղությունը․ մոռացե՞լ եք՝ ինչքան զոհ ենք տվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Պատերազմը դադարեցնելու համար պայմանավորվածություն կար։ Ադրբեջանցիները պետք է Շուշին վերցնեին, նոր կանգնեին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը։ 

Գեներալը կարծում է, որ ժամանակը շատ հարցեր կպարզաբանի։
«Վարչապետը գիտի՝ Շուշիում ինչ է կատարվել։ Նրան հասանելի տեղեկատվությունն ավելի շատ է։ Եթե նա ասում է, ուրեմն փաստեր ունի։ Ամեն ինչն էլ գիտի։ Կգա ժամանակն, ինքն իր հարցերը կտա»,-ասել է Մելքոնյանը։ 

Խոսելով Լելե-Թեփե օպերացիայի մասին՝ Մելքոնյանն ասել է, որ նման բան տեղի չի ունեցել։

«Եղել է Հորադիզ օպերացիա։ Երկու տանկային միավորում պետք է մտներ մարտի մեջ։ Մեկը պետք է փակեր, կանգնեցներ թշնամուն, իսկ մյուսը թշնամու թիկունքից կրակելով, գնար առաջ։  Բայց սա չի կայացել, որովհետև մի հրամանատարը չի գնացել, մյուսը՝ կիսով չափ է գնացել»,- պարզաբանել է նա։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, ըստ որոնց՝ բանակցություններով հնարավոր է վերադարձնել Շուշին ու Հադրութը, ՊՆ նախկին պաշտոնյան նկատել է․  

«Քոչարյանը կարող է հետ բերել Շուշին ու Հադրութը։ Պայմանով, եթե գնում է Ղարաբաղ ու դառնում է այնտեղի նախագահ։ Եթե ՀՀ-ում մնա, չի կարող։ Միակ տարբերակը Ղարաբաղում լինելն է։ Եթե գնաց, կորցրածը հետ կբերի»,- ասել է Մելքոնյանը։

Գեներալը համակարծիք չէ, որ եթե Քոչարյանը լիներ իշխանության, պատերազմ չէր լինի կամ արժանապատիվ խաղաղություն կհաստատվեր։

«Քոչարյանի կառավարման 10 տարիներին խաղաղ պայմաններում նույնքան զոհ ենք տվել, ինչքան այս պատերազմին։ Մոռացե՞լ եք։ Այդ տարիների խաղաղությունը մեր քթից եկավ այսօր։ Այդ 10 տարիներին, որ ղեկավարում էր, թող բարի լիներ, Ղարաբաղի հարցը լուծել։ Թող այն ժամանակ հարցը լուծեր-պրծներ։ Հեսա կտանք-կտանք ասելով՝ հասցրեցին այստեղ»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։