Ադրբեջանը չի կատարում ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր պարտավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1,  24News

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական լուրջ երկխոսություն է կայանում, նկատվում է նաև ակտիվացում երկու երկրների տնտեսական հարաբերություններում:

ԱԺ նախագահը գործընկերներին ներկայացրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը: Ընդգծեց, որ Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին և այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը, ավելին` շարունակում է իր հակահայ քաղաքականությունը: Ասածի նոր դրսևորումն է վերջերս «պուրակի» բացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շիրկո Միրուեյզը բարձր գնահատեց հայկական կողմից Իրաքի վերաբերյալ հարցերում դիրքորոշման և միջազգային հարթակներում տրամադրած աջակցության համար:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման շրջանակներում կարևորագույն դեր ունեն տարբեր ոլորտներում համագործակցության մասին հուշագրերը, ինչի իրականացմանը վերահսկելու գործում խորհրդարանը կարևոր դեր ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր: Երկուստեք ընդգծվեց, որ իրաքցի խորհրդարանականների այցը կարող է լավ լիցք հանդիսանալ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացման գործում:

--00—ՄՀ