Կցանկանայինք տեսնել Իրանի գործուն ազդեցությունը հայ գերիների ազատման հարցում. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Արտաշես Թումանյան

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել «ISNA» լրատվական գործակալությանը: Այս մասին հայտնում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը:

- Ինչպես հայտնի է, Արցախի շուրջ ռազմական գործողությունները տևեցին վեց շաբաթ, որից հետո Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց զինադադարի վերաբերյալ համաձայնություն: Ո՞րն է Ձեր գնահատականն այս իրադարձության կապակցությամբ:

Զինադադարով կասեցվեց Թուրքիայի աջակցությամբ, այդ թվում վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որը Հայաստանին և հայ ժողովրդին պատճառեց մեծագույն կորուստներ, ունեցանք հազարավոր նահատակներ: Դժվար է այս ողբերգական իրադարձություններին միանշանակ և պարզունակ գնահատական տալ: Մի բան ակնհայտ է՝ Թուրքիայի անմիջական և լայնածավալ ներգրավումը պատերազմական գործողություններին նպատակաուղղված էր տարածաշրջանում նրա ծավալապաշտական քաղաքականության իրականացմանը:

Այս ամենից հետո մի բան միանշանակ է՝ ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և նախևառաջ տարածաշրջանի երկրների համար:

- Զինադադարից հետո ականատես եղանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնաթողության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջների: Այսօր արդեն սկսվել է արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը, և այդ պատճառով վարչապետ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Ձեր կարծիքով ստեղծված պայմաններում ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը:

Բնական է, որ Արցախյան վերջին պատերազմի արհավիրքները լրջորեն ազդել են Հայաստանում հանրային տրամադրությունների վրա: Անհրաժեշտ է կայունացնել ներքաղաքական իրավիճակը, և այդ նպատակով է, որ ՀՀ վարչապետը նախաձեռնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների միջոցով նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումը, որոնց գործունեությունը պետք է միտված լինի խաղաղության ու անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը: Ներկա մարտահրավերների հաղթահարումը մեծ քննություն է մեր ժողովրդի և պետության համար, որը պարտավոր ենք պատվով հանձնել՝ հանուն մեր նահատակների և ներկա ու ապագա սերունդների:

- Արդյո՞ք ՀՀ կառավարությունը դեռ շարունակում է ճգնաժամի հաղթահարման նպատակով կողմ լինել Մինսկի խմբի հետագա գործունեությանը, թե՞ այն համոզմունքին է, որ տարածաշրջանային երկրներն այդ հարցում կարող են առավել արդյունավետ դերակատարում ունենալ:

Ըստ հայկական կողմի՝ հակամարտության վերջնական և համապարփակ լուծման համար միջազգային մանդատ ունեն բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք բանակցային գործընթացի շրջանակներում հանդես են եկել հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ առաջարկությամբ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների դերակատարությանը, ապա նրանք իրենց հավասարակշռված դիրքորոշմամբ կարող են ձևավորել հակամարտության կարգավորմանն ուղղված բարենպաստ միջավայր:

- Ո՞րն է Ձեր տեսակետը ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված ԻԻՀ առաջարկության կապակցությամբ: Արդյո՞ք Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկիր, կարող է հակամարտության կարգավորման հարցում ունենալ դրական դերակատարում:

Կուզենայի հատուկ ընդգծել Իրանի կարևոր դերակատարությունը պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն սպառնացող երևույթների դեմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման առումով: Դա վերաբերում է երկու երկրների ընդհանուր սահմանի և ինքնիշխանության անձեռնմխելիության ուղղությամբ իրականացված քայլերին (նախազգուշական հայտարարություններ, իրանական զինուժի տեղակայում սահմանի երկայնքով): Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է մեր երկու երկրների ազգային անվտանգությանը: Վերջին պատերազմից հետո, առավել քան երբևէ, ձևավորվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի գիտակցում Երևանում և Թեհրանում: Ուստի անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ողջ համալիրը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակը:

Հենց այսօր էլ չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը բազմաթիվ բարդ և խնդրահարույց հարցերի կարգավորման գործում: Մասնավորապես, մենք կցանկանայինք տեսնել Իրանի գործուն ազդեցությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ հայ ռազմագերիների ազատման հարցում: Միաժամանակ կարևոր է ներկա պայմաններում մեծապես ակտիվացնել Հայաստան-Իրան հարաբերությունների բոլոր բաղադրիչները, որոնք ապահովում են երկու երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը:

Հատկապես անհրաժեշտ է «ամրապնդել» Հյուսիս-հարավ տրանսպորտային և էներգետիկ առանցքը, խորացնել գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առևտրաշրջանառության աճը և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը: Անշուշտ, վերը նշված ոլորտներում անցած տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև համագործակցության հաջողված օրինակները բազմաթիվ են, սակայն ստեղծված տարածաշրջանային նոր իրավիճակը մեր առջև առավել ակտիվ փոխգործակցության պահանջներ է դնում:

--00--ԱԹ