Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 3, 24News 

ՄԻՊ

Հավաքագրված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի եւ լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:

Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (լրացում` նույն մարդու կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել)

• 98-ը կենդանի վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն.

• 17-ը գլխատումներին ու սպանություններին.

•  32-ը զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին եւ մարմնի մասերի անդամահատումներին (օրինակ՝ ձեռք կամ ականջ կտրել).

• 54-ը գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարմանը, այդ թվում՝ ատելության տարածմանը եւ գլխատված զինծառայողի լուսանկարը վերջինիս էջով տարածելուն.

• 49-ը Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դեմ արգելված, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զանվածային ոչնչացման զինատեսակների կիրառությանը.

• 26-ը հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների եւ եկեղեցիների ոչնչացմանն ու վանդալիզիմին.

• 12-ը այն կայքերի ու սոցիալական ցանցերի (Տելեգրամ, Ինստագրամ եւ այլն) էջերի, որոնցով տարածվում էին ատելություն, թշնամանք բորբոքող, ինչպես նաեւ հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների տեսանյութեր կամ լուսանկարներ.

• 9-ը պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրավմանը կամ մասնակցությանը:

Տեսանյութերը թարգմանվել են անգլերեն, իսկ մի մասն այս փուլում արդեն՝ ռուսերեն լեզուներով: Կենդանի մարդկանց կամ զոհվածներին վերաբերող գրեթե բոլոր տեսանյութերում արված են նույնականացումները: Բոլոր տեսանյութերն ու լուսանկարների հավաստիությունը հաստատված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական լոգոյով:

Հավաքագրված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այսինքն՝ դրանք կատարվել են միայն այն պատճառով, որ զոհերը հայ են եղել:

Նույն սկզբունքով ոչնչացվել ու վանդալիզիմի են ենթարկվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձաններն ու եկեղեցիները:

Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների նշված կոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները, միջազգային հումանիտար իրավունքի ու մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ, ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը հայրենիք, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը:

Այս քաղաքականությամբ նրանք ոտնահարում են ոչ միայն Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների իրավունքները, այլ նաեւ հոգեկան տառապանքներ պատճառում նրանց ու անհայտ կորած համարվողների ընտանիքներին՝ մտադրված նպաստելով լարվածությանը հայկական հասարակությունում:

Նշված բոլոր տեսանյութերն ու լուսանկարները կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաեւ ՀՀ պետական մարմիններին՝ անհրաժեշտ բնութագրություններով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հավաքագրումն ու հետազոտումը»։