Նիկոլի ռեժիմի 3 տարիներին միայն իրավապահ մարմինների մեքենան էր աշխատում անխափան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

արմեն

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, որ վերջին 3 տարիների ընթացքում անխափան աշխատում էին ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, քննչականները, դատախազությունը:

«Ազգային ժողովի ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել մեկ կարևոր արձանագրում. Նիկոլի ռեժիմի բոլոր երեք տարիների ընթացքում միայն իրավապահ մարմինների մեքենան էր աշխատում անխափան՝ ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, քննչականները, դատախազությունը: Միայն երեք տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի քանակն արդեն ինքնին լուրջ ցուցանիշ է:

Այդ գործերի մեծամասնությունը կոնկրետ մարդկանց վրա ճնշման գործիք է՝ վախի և անընդհատ կախվածության մեջ պահելու և շանտաժի ենթարկելու համար: Քանի գործ է բացվել ու փակվել, որի մասին հասարակությունը չգիտի, որոնք դարձել են ներքին, անտեսանելի համաձայնությունների արդյունք: Քանի՞ գործ չի հարուցվել Նիկոլի կողմնակիցների դեմ, միայն այն բանի համար, որ շեֆը դրա կարիքը չունի: Ի դեպ այսօր ականատեսն ենք մեկ նոր քրեական գործի՝ երկրի նախագահի դեմ: 

Անթիվ գործեր են հարուցվում քաղաքական պատճառներով: Սա տխուր ռեկորդ է Նիկոլի և նրա թիմի համար: Այս գործերի որակի մասին խոսելն ավելորդ է: Մարտի 1-ի գործը նրա արդարադատության համակարգի ամենամեծ ձախողումն էր: Մի գործ, որի պատճառով ամբողջ համակարգը դեֆորմացվեց: Այս տարիների ընթացքում Նիկոլը մեծ թվով քննիչներ, դատախազներ, օպերատիվ աշխատակիցներ, օգնականներ և դատավորներ մեղսակից դարձրեց իր անօրինական նկրտումների:

Հաճախ եմ լսում խոսակցություններ այն մասին, թե ինչ է պատահելու նրանց հետ, ովքեր այդքան անձնուրաց են ծառայել Նիկոլին: Դրանք ավելի սրվեցին, երբ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո շատերը սկսեցին ընկալվել որպես Նիկոլի կապիտուլյացիայի գործընթացի մասնակիցներ: Բարդ հարց` պատվի և արժանապատվության մասին ժամանակակից հայկական պատկերացումների տեսանկյունից: Իրավունքի և մասնագիտական հարաբերությունների տեսանկյունից հեշտությամբ լուծվող խնդիր:

Բայց որքան էլ տարօրինակ է, պատասխանն ինքնին կգա առաջիկա ընտրարշավի ընթացքում: Եթե այդ նույն մարդիկ (ոստիկաններ, օպերատիվ աշխատակիցներ, քննիչներ և այլն) շարունակեն նույն եռանդով կատարել Նիկոլի անօրինական ցուցումները և ցանկությունները (և այդ մասին արդեն մարզերից շատ ազդակներ կան), ապա նրանք, ըստ էության, ընտրում են անձնական հավատարմություն Ֆյուրերին` մասնագիտական պատվի և պարտքի փոխարեն:

Ընտրությունը մեծ չէ, բայց շատ պարզ է: Իսկ եթե բոլորս՝ իրավապահից մինչև ընդդիմադիր այս պահից գիտակցենք, որ խնդիրը պետությունն է և ոչ թե անձնական քենը, ապա կարող ենք ապագայում աշխատել՝ հանուն Հայաստանի, հանուն ավելի լավ Հայաստանի և հանուն նոր օրինական և ավելի հարգալից բարքերի»,-գրել է Արմեն Գևորգյանը:

--00—ԼՄ